Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երեք անչափահասների դանակահարության դեպքը բացահայտվել է. մեղադրանք է առաջադրվել 28-ամյա երիտասարդին

16:40, ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ.
Երեք անչափահասների դանակահարության դեպքը բացահայտվել է. մեղադրանք է առաջադրվել 28-ամյա երիտասարդին

Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Գյումրիում երեք անչափահասների դանակահարության դեպքը. մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի՝ 28-ամյա բնակչին:

2019 թվականի ապրիլի 12-ին` ժամը 19:50-ին, 20:50-ին և 20:55-ին «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգեր են ստացվել այն մասին, որ իրենց մոտ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են դիմել երեք անչափահասներ, որտեղից վերջիններս տեղափոխվել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲ ընկերություն:

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչության Մուշի բաժնում 2019 թվականի ապրիլի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Երեք անչափահասները ճանաչվել են տուժող և հարցաքննվել:

Դեպքի օրը՝ 2019 թվականի ապրիլի 12-ին, իրավապահներին է ներկայացել Գյումրի քաղաքի՝ 1991թ. ծնված բնակիչը և հայտնել, որ վերոհիշյալ երիտասարդների հետ ինքն է վիճաբանել, որի ժամանակ էլ դանակով հարվածել է վերջիններիս: 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ երեք անչափահասներին դանակահարելու կասկածանքով, և ցուցմունք տվել դեպքի շուրջ:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, շարժառիթը:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ուղևորափոխադրումներով զբաղվող 28-ամյա երիտասարդի և ուղևորի միջև ճանապարհին տեղի է ունեցել վիճաբանություն ու քաշքշուկ, հնչել են հայհոյանքներ, երիտասարդ ուղևորը վիրավորելով ու քաշքշելով մեքենայից դուրս է հանել վարորդին:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ միջադեպի կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով, որոշ ժամանակ անց, հիշյալ ուղևորի եղբոր որդին 6-7 երիտասարդների հետ հանդիպել է վարորդին, որի ժամանակ առաջացած վիճաբանության ընթացքում էլ 28-ամյա վարորդը դանակի հարվածներ է հասցրել վերոհիշյալ երեք անչափահասներին:

Պարզվել է, որ վիճաբանությանը մասնակցած երիտասարդները բոլորն էլ Գյումրի քաղաքի անչափահաս բնակիչներ են, ովքեր, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հայտնաբերվել են և հարցաքննվել դեպքի շուրջ:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են տուժողների հագին՝ դեպքի պահին եղած հագուստները, վերցվել են նմուշներ:

Օրենքով սահմանված կարգով կասկածյալ 28-ամյա երիտասարդի բնակության վայրում և ավտոմեքենայում իրականացվել են խուզարկություններ, կատարվել առգրավումներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննական մարմինը 2019 թվականի ապրիլի 13-ին ստացել է ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի՝ 20.10.2009 թվականի թիվ 1833 որոշումը, հիվանդության վկայագիրը և տեղեկանքը, համաձայն որոնց՝ կասկածյալի մոտ ախտորոշվել է «սուր պոլիմորֆ պսիխոզ» հիվանդությունը, և վերջինս զինվորական ծառայության համար ճանաչվել է ոչ պիտանի: Այս կապակցությամբ՝ վարույթն իրականացնող մարմինը հարցմամբ դիմել է «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությանը, որի պատասխանը դեռևս չի ստացվել:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ 112-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Միևնույն ժամանակ դատարանը թույլատրելի է համարել այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, միջադեպի մասնակիցների շրջանակը հստակեցնելու, նրանց գործողություններն անհատականացնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

| | |
1293 | 0
Facebook