Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մրցմանը Վահագնը մոռացավ ամեն ինչ և հաջող հանդես եկավ». Հակոբ Սերոբյան

20:55, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ.
«Մրցմանը Վահագնը մոռացավ ամեն ինչ և հաջող հանդես եկավ». Հակոբ Սերոբյան

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ամփոփել է Լեհաստանում կայացած Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանն օղակների վրա վարժություններում նվաճել է մեկ բրոնզե մեդալ:

«Ընդհանուր առմամբ, արդյունքից գոհ եմ, բայց մենք ունեինք ավելի շատ հնարավորություններ: Եվրոպայի առաջնությանը մեկնելուց առաջ սպասում էի, որ գոնե մեկ մեդալ պետք է նվաճենք: Մեդալակիր կարող էին դառնալ նաև Հարություն Մերդինյանը և Արթուր Դավթյանը: Հարություն Մերդինյանը հանձնվեց, ինչն անհասկանալի էր ինձ համար, իսկ Արթուր Դավթյանը պայքարեց մինչև վերջ: Վստահ էի, որ եթե Հարություն Մերդինյանը դուրս գա եզրափակիչ, կկատարի առավելագույնը, քանի որ նա պայքարող մարզիկ է: Ուրախ եմ Վահագն Դավթյանի մեդալի կապակցությամբ: Նա հանդես եկավ իր հնարավորությունների ամենաբարձր մակարդակով: Վահագն Դավթյանից մեդալի ակնկալիքները շատ չէին, քանի որ նա ուներ ուսի վնասվածք: Սակայն մրցմանը նա մոռացավ ամեն ինչ և հաջող հանդես եկավ: Եթե Արթուր Թովմասյանը չսխալվեր, նա կարող էր գրավել առաջին տեղը: Նա նույնն արել էր նաև աշխարհի առաջնությունում»:

Անդրադառնալով Եվրոպական խաղերին՝ մարզիչը նշել է․ «Վահագն Դավթյանն ու Արթուր Դավթյանն անվանական ուղեգրեր են նվաճել Եվրոպական խաղերի համար: Չի բացառվում, որ ունենանք նաև երրորդ ուղեգիրը: Եթե Ռուսաստանի և Ֆրանսիայի հավաքականները հրաժարվեն օղակների վարժությունների ուղեգրերից, այն կարող է բաժին հասնել Արթուր Թովմասյանին»,- նշեց Հակոբ Սերոբյանը:

2415 | 0
Facebook