Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ.

Համացանց

«6 տարի է, ինչ կորցրել ենք շուրջ 700-ամյա հուշարձանը». Սամվել Կարապետյան

02:10, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ.
«6 տարի է, ինչ կորցրել ենք շուրջ 700-ամյա հուշարձանը». Սամվել Կարապետյան

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտխորհրդով հաստատած վերականգնման նախագիծ, որն այլափոխեց ու արժեզրկեց Գառնու պատմական կամուրջը («վերականգնումից» արդեն 6 տարի է անցել, սակայն հերթական այցելությունս բացեց հին վերքը):

Անգրագետ «վերականգնումից» հետո հուշարձանին նախնական տեսք հաղորդելն այլևս գրեթե անհնար է և փաստացի պատճառված այլափոխությունն անդարձելի:

Գառնիի կամրջի վերականգնումն ապացուցեց, որ մեզանում կոչումավոր մասնագետներից ձևավորված ԳԻՏԽՈՐՀՈՒՐԴ-ները կարող են իրենց «անմեղ» անգիտությամբ ավերել պատմական հուշարձանը: Դրա արդյունքում արդեն 6 տարի է, ինչ կորցրել ենք շուրջ 700-ամյա հուշարձանը:

Հիմա ինչ էլ գրենք, դրանից այլևս այլափոխված Գառնու կամրջին ոչ մի օգուտ չի լինի, բայց կարող է ներքոշարադրվածն օգտակար լինի մեր ամենագետ գիտխորհրդականներին այլ կամուրջների վերականգնման նախագծեր հաստատելիս, ուստի և մի քանի կետերով չենք զլանում ընդգծել կարևոր սխալները.

ա) Պետք է իմանալ, որ հայաստանյան կամուրջները բաժանվում են երկու խմբի: Առաջինները նախատեսված` միայն հետիոտնի կամ հեծյալի, երկրորդները` նաև սայլի, կառքի հաղորդակցման համար: Այս երկուսի գլխավոր տարբերությունը կայանում է նրանում, որ ի տարբերություն առաջինների, երկրորդներն անպայման ունեն կառքերի կամ սայլերի երթևեկն ապահովող եզրապատեր: Նեղ և խիստ զառիվեր կածան սպասարկող Գառնու կամուրջն ինքնին հասկանալի է, որ ի սկզբանե նախատեսված է եղել սոսկ հետիոտնի կամ հեծյալի համար, ուստի չէր կարող ունենալ և չի ունեցել եզրապատեր: Գառնու կամրջի ներկա տեսքից երևում է, որ այս պարզ խնդրին անիրազեկ է եղել ոչ միայն վերականգնման նախագծի հեղինակն այլև բոլոր նրանք, որոնցից ձևավորվել է նախագիծը քննող ու հաստատող գիտխորհուրդը:

բ) Բոլոր հին լուսանկարներն ու կամրջի կառուցվածքն ինքնին վկայում էին, որ բացի թաղակիր կամարից կառույցի հոսքընդդեմ և հոսքընթաց ճակատներն իրականացված էին անմշակ քարով: Կառուցողական այս սկզբունքը կիրառվել է հայաստանյան հարյուրավոր այլ կամուրջներում: Ասվածից հետևում է, որ տվյալ դեպքում կամրջի զույգ ճակատները սրբատաշ քարով երեսապատումը չուներ որևէ գիտական հիմնավորում:

գ) Արդեն իսկ չհիմնավորված և անթույլատրելի երեսապատումն իրականացվել է բարակ շերտով սղոցված տուֆ քարով: Հայտնի է, որ շատ ավելի մեծ հաստություն ունեցող երեսապատի տուֆ քարը միևնույնն է չի կարողանում պահել ցեմենտի աղային արտահոսքերը, է՛լ ուր մնաց այստեղ գործածված բարակ երեսապատի քարերը: Արդյունքում աղային դուրսպրծուկները արդեն ներկայումս կամրջի երկու ճակատներում էլ ստեղծել են աչքի համար ամենատհաճ, պարզապես այլանդակ ու փնթի տեսարան:

Ի դեմս Գառնու միաթռիչք կամրջի 2013 թ. կոչումավոր տգետների թեթև ձեռքով նյութական մշակույթի մեր գանձատնից պակասեց մի գողտրիկ հուշարձան: Այն դժվար թե այլևս երբևէ ստանա իր նախնական տեսքը, բայց գոնե այս ցավալի օրինակն ուզում եմ, որ դաս լինի, որպեսզի սրա նման այլ հուշարձաններ «վերականգնման» անվան ներքո չապականվեն...

Նկարներում Գառնու կամուրջը նախքան «վերականգնումն» ու դրանից հետո (ներկայումս)»:

| | |
1605 | 0
Facebook