Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հետաքրքիր է՝ չի տեսնո՞ւմ այս ամենը վարչապետը». Ատոմ Մարգարյան

16:45, շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ.
«Հետաքրքիր է՝ չի տեսնո՞ւմ այս ամենը վարչապետը». Ատոմ Մարգարյան

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյանը շանս ունի երկրորդելու Սինգապուրի վարչապետին: «Եթե դուք ցանկանում եք հաղթահարել կոռուպցիան, ապա պետք է պատրաստ լինեք բանտ ուղարկել ձեր մերձավորներին և նույնիսկ՝ ձեր ընտանիքին»... Սրանք Սինգապուրի լեգենդար վարչապետ Լի Կուան Յու-ի խոսքերն են, ավելի ճիշտ՝ նրա կրեդոն, որին հավատարիմ մարդը բառացիորեն երեք տասնամյակի ընթացքում փոքրիկ կղզյակը դարձրեց դրախտավայր: Սինգապուրում շնչի հաշվով եկամուտը 50 տարվա ընթացքում 500 դոլարից հասավ 50.000 հազար դոլարի. աճը՝ 100 անգամ: Այ սա տնտեսական հեղափոխություն էր: Կհաջողվի՞, արդյոք, Հայաստանում կրկնել սինգապուրյան հրաշքը: Դա կախված է վարչապետ Նիկոլ Փաշինյանից և նրա թիմից:
     Փաշինյանի մասով խնդիր չկա: Նրա բացարձակ լեգիտիմությունը, քաղաքական փորձառությունը և ասկետ վարքագիծը բոլոր հիքերը տալիս են նման ակնկալիքի համար: Ու այն, որ նա պատրաստ է բանտ ուղարկել իր մերձավորին, ևս ակնհայտ է, կամքը առկա է ու, այս առումով էլ վարչապետը երկրորդում է Սինգապուրի երբեմնի ղեկավարին:
     Սակայն խնդիրը մերձավորների մեջ է, իսկ գլխավոր թշնամին՝ կոռուպցիան: Վարչապետին շատ դժվար է լինելու զսպել ու սանձել իր իսկ թիմակիցների մի մասի օպորտունիստական, հիմա՝ քրեահակ վարքագիծը ու արագ հարստություն դիզելու մարմաջը: Սա թերևս Հայաստանը ոտքի կանգնեցնելու գլխավոր խնդիրն է: Արդեն անզեն աչքով էլ տեսանելի է վարչապետի մերձավորներից որոշների խոտոր ու կոռումպահակ վարքագիծը՝ իրենց վստահված ոլորտները (վարչապետի աչքից հեռու) սեփական ընկեր-բարեկամներով լցնելու, կոռուպցիայի ու հովանավորչության ապագա բուրգի կառուցման ուղղված ճիգերը: Նրանցից ոմանք էլ զբաղված են կոռումպակիր օրենսդրական նախագծերի անսքող ու կոպիտ լոբբիզմով: Հետաքրքիր է՝ չի՞ տեսնում այս ամենը վարչապետը, նրան չե՞ն զեկուցում, թե՞ այդտեղ ուղղակի խնդիր չեն տեսնում:
     Մինչդեռ, այս իրավիճակը հար և նման է Հայաստանի 90-ական թվականների կացությանը, երբ բառացիորեն մի քանի տարվա ընթացքում հեղափոխության և առաջադիմության լոզունգներով եկած քաղաքական ուժը դեգրադացվեց, պառակտվեց, իսկ արդեն 1995-96-ին թևակոխեց սահմանադրական կարգի պերմանենտ տապալումների, համակարգային կոռուպցիայի, միահեծան կառավարման, անվերջանալի քաղաքական սպանությունների ու հեղաշրջումների հորձանուտի մեջ:
     Ու աստված մի արասցե, որ պատմությունը կրկնվի»:

| | |
4579 | 0
Facebook
COMMENT.am