Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ.

Համացանց

«Թուրքիայի 81 նահանգներից միայն յոթում է, որ տեղի չի ունենում ներքին արտագաղթ». Կարեն Հովհաննիսյան

11:10, շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ.
«Թուրքիայի 81 նահանգներից միայն յոթում է, որ տեղի չի ունենում ներքին արտագաղթ». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական վերլուծաբան, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թուրքիան ես համարում եմ ներքին միգրացիոն շարժով բավականին ակտիվ երկիր: Օսմանյան կայսրության հիմքի վրա ստեղծված թուրքական պետության քաղաքացիներ են տարբեր ազգերի և կրոնների ներկայացուցիչներ: Թուրքիայի հանրապետության կազմավորումից հետո այս երկրի սահմանների ներսում սկսվեց ներքին միգրացիոն տեղաշարժ, մարդիկ այդ տեղաշարժն իրականացնում էին ինչպես ավելի համայնքային կյանք վարելու համար, այնպես էլ աշխատանք գտնելու համար: Մինչև 1960-ական թվականները, Թուրքիայի բնակչության միայն 30 տոկոսն էր քաղաքային բնակչության մաս կազմում, իսկ այսօր այդ ցուցանիշը հասել է 75-ի և անցնում է: Հատկանշական է, որ Թուրքիայի 81 նահանգներից միայն յոթում է, որ տեղի չի ունենում ներքին արտագաղթ, մնացած 64 նահանգից մարդիկ դուրս են գալիս և հաստատվում են այս յոթ նահանգներում: Քաղաքային բնակչության աճին զուգահեռ՝ Թուրքիայում զարգնում է արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը, ինչը չի կարելի դասել տնտեսության երկարատև զարգացում ապահովող բանալիների շարքին: Թուրքիայում վերջերս տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին հետաքրքիր արդյունքներ գրանցվեցին: Ընդդիմությունը հաղթեց հիմնականում այն նահանգներում, որոնք մտնում են վերոնշածս յոթ նահանգների ցանկի մեջ: Ես պայմանական այդ յոթ նահանգներին կհամարեմ կոսմոպոլիտ, իսկ այն 64-ին՝ ոչ կոսմոպոլիտ: Այս կոսմոպոլիտ նահանգները հարուստ նահանգներ են, սրանք ունեն, այսպես ասած, եվրոպական տեսք, արտաքին աշխարհի հետ կապը շատ ավելի հեշտ է, իսկ ահա ոչ կոսմոպոլիտ նահանգներում բոլորովին այլ պատկեր է: Այստեղ կյանքը հեշտ չէ, աշխատատեղեր չկա, գյուղական բնակչությունը ապրում է քոչվորի կյանքով, քաղաքային բնակչությունը չունի զբաղվածություն և հենց սա է պատճառ հանդիսանում ներքին միգրացիայի: Շատ ցայտուն է նաև կրթական մակարդակը կոսմոպոլիտ և ոչ կոսմոպոլիտ նահանգների միջև:
     Կրկին վերադառնալով ՏԻՄ ընտրությանը՝ ասեմ, որ ընդդիմությունը հաղթել է կոսմոպոլիտ նահանգներում, այսինքն հարուստ և զարգացած նահանգներում: Մեկ-երկու օրինակ բերեմ, միայն Ստամբուլը տիրապետում է Թուրքիայի քաղաքային բյուջների 71 տոկոս ռեսուրսին, իսկ այն նահանգներում, որտեղ հաղթել է ընդդիմությունը Թուրքիայի տնտեսության 70 տոկոսն է գտնվում:
     Դեռևս 2014թ.-ին Համաշխարհային բանկի «Անցումային Թուրքիա» վերնագրով զեկույց էր հրապարակել, որտեղ նշում էր նաև ներքին միգրացիայի մասին, և մատնանշում թե ինչ ռիսկեր է պարունակում իր մեջ ներքին միգրացիան Թուրքիայի տնտեսության համար:
     Ես կարծում եմ, որ Թուրքիան հնարավոր է գնա վարչատարածքային նոր բաժանումների, որոշակի կառուծվածքային փոփոխություններ կարող է մտցնել կառավարման համակարգում, որպեսզի արդեն վտանգավոր աստիճանի հասած ներքին միգրացիոն վտանգները չեզոքացնի»:

| | |
778 | 0
Facebook