Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Կյանքը՝ Լոռու Ձյունաշող գյուղի դպրոցում

13:10, կիրակի, 14 ապրիլի, 2019 թ.
Կյանքը՝ Լոռու Ձյունաշող գյուղի դպրոցում

Լոռու մարզի Ձյունաշող գյուղը մոտ երեք տասնամյակ առաջ անվանում էին Ղզլ Շաֆագ (մինչև 1980-ականները այստեղ ապրել են ադրբեջանցիներ), որը թարգամանաբար նշանակում է Կարմիր լուսաբաց: Այսօր արդեն գյուղում լուսաբացները կարմիր չեն. գյուղն այցելուների համար իր դռներն է բացում ամայի փողոցներով, քարուքանդ, լքված տներով, հոգատար տերերի խնամքից զրկված այգիներով:

Գյուղը սկսվում է և ավարտվում է ավերակներով
Գյուղը սկսվում է և ավարտվում է ավերակներով

Երբեմնի 250 տնտեսություն ունեցող Վրաստանին սահմանամերձ այս գյուղում 2019 թվականի հունվարի տվյալներով ապրում է 25 ընտանիք:

Գյուղում գործում է մեկ միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է 22 աշակերտ: Այս տարի դպրոցում չկան 1-ին, 7-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններ:

Ձյունաշողի միջնակարգ դպրոցը
Ձյունաշողի միջնակարգ դպրոցը
Դպրոցի տնօրեն Արթուր Սարկիսովի խոսքով` մյուս դասարաններն էլ միացված են իրար` աշակերտների սակավության պատճառով:
Դպրոցի աշակերտների աշխատանքը
Դպրոցի աշակերտների աշխատանքը

«Դասարանները երկկոմպլեկտ են. երկրորդ և չորրոդ դասարանները միացված են իրար, հինգերորդն ու վեցերորդը՝ իրար, ութերորդ ու իններորդը` իրար»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնօրենը:

Դպրոցի տնօրեն Արթուր Սարկիսովը
Դպրոցի տնօրեն Արթուր Սարկիսովը
Միջին հաշվով ամեն դասարանում սովորում է 3-4 աշակերտ, իսկ օրինակ` չորրորդ դասարանում՝ 1 աշակերտ:
Լոռու հյուսիսային հատվածում գտվող այս գյուղում ձմեռները շատ ցուրտ է: Մեր դպրոց այցելության ժամանակ բոլոր դասասենյակները դատարկ էին. քանի որ շատ ցուրտ էր, երեխաներին ուղարկել էին տուն: Դպրոցի դասասենյակները ջեռուցվում են դիզվառելիքով: «Շատ դժվար են տաքանում դասասենյակները, ցավոք, աշակերտները քիչ են, դասարանները` մեծ: Քանի որ դպրոցում դեռ հին` խորհրդային տարիների վերանորոգումն է, քամին ներս է փչում և հաճախ հանգցնում է վառարանները և ողջ ծուխը լցվում է ներս, ստիպված ենք լինում երեխաներին տուն ուղարկել»,- ասում է Սարկիսովը:

Տնօրենի խոսքով` անցած տարի դպրոցի բյուջեով կարողացել են առաջին հարկի միջանցքը վերանորոգել.

«Պատուհանները շատ հին են, ինչքան ուզում է փակենք, միևնույն է քամին փչում է: Սեղաններն էլ աշխատում ենք վառարանին մոտ դնել, որ երեխաները չմրսեն»,- ասում է նա:

Սպորտդպրոցի մասնաշենքն ընդհանրապես չի օգտագործվում. շենքը վթարային է, տանիքը գրեթե ամբողջությամբ քանդված է: Աշակերտները ֆիզկուլտուրայի դասերը տաք եղանակներին դրսում են անում, ձմեռն էլ՝ ազատ և ընդարձակ դասարաններում:

Մարզադահլիճի շենքը
Մարզադահլիճի շենքը

Հայ օգնության ֆոնդի ֆինանսավորմամբ վերանորգվել է երկրորդ հարկի դասասենյակներից մեկը, որը դպրոցին կծառայի որպես գրադարան, ընթերցասրահ և ինֆորամտիկայի դասասենյակ:

«Ազգային գրադարանը գրքեր է տալու: Այնպես անենք, որ դասարանը ծառայի հա՛մ ինֆորմատիկայի դասերի համար` համակարգիչներով և տարբեր սարաքավորումներով, հա՛մ լինի ընթերցասրահ»,- ասում է դպրոցի տնօրենը:

Դպրոցի այս պայմաններից ելնելով` շատ ծնողներ իրենց երեխաներին տանում են հարևան գյուղի` Մեծավանի դպրոցներ:

Շատերն էլ պարզապես լքում են գյուղը ընտանիքներով և մշտական բնակություն են հաստատում հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում:

5375 | 1
Facebook