Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Պատրաստ էի ձախողածս կիլոգրամները բարձրացնել». Իզաբելլա Յայլյան

01:10, երեքշաբթի, 09 ապրիլի, 2019 թ.
«Պատրաստ էի ձախողածս կիլոգրամները բարձրացնել». Իզաբելլա Յայլյան

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում այսօր պայքարի մեջ մտած 59 կգ քաշային Հայաստանը ներկայացնող Իզաբելլա Յայլյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ։ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Իզաբելլան ամփոփեց իր մրցելույթը։

«Ինչ-որ չափով գոհ եմ։ Առաջին մեդալս էր մեծահասակների առաջնությունից, բայց դժգոհ եմ, որովհետև կարող էի ինչպես հրման, այնպես էլ երկամարտի մեդալ նվաճել։ Պատրաստ էի ձախողածս կիլոգրամները բարձրացնել։ Մարզումների ժամանակ ավելին եմ բարձրացրել։ Ուղղակի լարված պայքար էր ընթանում։ Մեկ մոտեցում կորցնելն անգամ վճռորոշ էր։ Սպորտ է, այս անգամ ինձ մոտ չստացվեց։ Բոլորս էլ մեդալների համար էինք պայքարում, հավասար պայքար էր ընթանում, բոլորս էլ արժանի էինք մեդալների»։

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Իզաբելլան նշեց․ «Առաջիկայում կպատրաստվեմ աշխարհի առաջնությանը և կփորձեմ այնտեղ ավելի լավ արդյունք գրանցել։ Նույն ոգով կշարունակեմ մարզվել։ Այս մեդալն ինձ ավելի ոգևորեց՝ առաջ շարժվելու և նորանոր հաջողությունների հասնելու համար։ Ամեն ինչ դեռ առջևում է»։

2863 | 1
Facebook