Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մի գաղափար կա, որով ցանկանում եմ կիսվել ձեզ հետ»․ Գևորգ Պապոյան

03:10, ուրբաթ, 05 ապրիլի, 2019 թ.
«Մի գաղափար կա, որով ցանկանում եմ կիսվել ձեզ հետ»․ Գևորգ Պապոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ընկերներ, մի գաղափար կա, որով ցանկանում եմ կիսվել ձեզ հետ և մինչև դրան միս ու արյուն տալը, կցանկանայի հանրային քննարկման դնել: Խոսքը վերաբերում է բուհերում դասավանդվող առարկաների ցանկից ոչ մասնագիտական առարկաների դուրսբերմանը կամ կրճատմանը և դրա փոխարեն մասնագիտական առարկաների և դրանց կրեդիտների ավելացմանը: Այս խնդիրը հատկապես առկա է 1-2 կուրսերում, երբ ուսանողները հիմնականում անցնում են ոչ մասնագիտական առարկաներ և հաճախ հենց նաև այդ պատճառով է կորչում սովորողների մոտիվացիան, բացի այդ բուհերում սովորողները կհաստատեն, որ շատ հաճախ նեղ մասնագիտական առարկաների ուսուցմանը հատկացվում է 1 կիսամյակ, այնինչ ոչ մասնագիտականներին՝ 2-4 կիսամյակ: Նշածս գաղափարը բերեմ օրինակի տեսքով, սակայն այս պատկերն է բոլոր բուհերում: Մասնավորապես ՀՊՏՀ-ում մասնագիտական առարկաներն ուսանողներն անցնում են որպես կանոն 1 կիսամյակ և շատ հաճախ մի շարք մասնագիտական առարկաներ չեն կարող անցնել, քանի որ բավարար դասաժամանակ չկա և ամբիոնները ստիպված են դրանք ներառել ընտրովի առարկաների ցանկում, սակայն դրա փոխարեն, օրինակ, երեխաները 4 կիսամյակ ֆիզկուլտուրա առարկա են անցնում, որին, որպես կանոն, շատ քիչ են հաճախում, քանի որ դրա համար նախատեսված է 0 կրեդիտ: Նույնը վերաբերում է քաղպաշտպանություն, էկոլոգիայի հիմունքներ, փիլիսոփայություն, հայոց լեզու և նմանատիպ այլ առարկաների, որոնք այո՛, շատ կարևոր են, սակայն ենթադրվում է, որ սովորողները դրանք պետք է ուսանած լինեին դպրոցական տարիներին և, ըստ էության, բուհերում այս մասով սովորողները չեն ստանում ոչինչ ավելին, քան դպրոցական ծրագրում է, կրկնում եմ չեն ստանում ոչինչ ավելին և տրվում է նույն դպրոցական բարձր դասարանների նյութը: Այս նույն տրամաբանության մեջ 21-րդ դարի տնտեսագետը բուհում օտար լեզու է անցնում ընդամենը 2 կիսամյակ, ինչը, միանշանակ, բավարար չէ:
     Հ․Գ․ Հասկանում եմ, որ որոշակի շրջանակներ, որոնց ուղղակի շահերին է հարվածելու այս գաղափարը, պայքար կսկսեն իմ համեստ անձի դեմ, և չհամարելով առաջարկածս թեզը վերին աստիճանի ճշմարտություն, տեղեկացնում եմ, որ պատրաստ եմ բանավիճել միայն փաստարկված գաղափարների շուրջ:
     Հ․Գ․ 2․ Պատկերացրեք մեր կրթական համակարգը հասել է երազանքի մակարդակի և մեր երկիր սովորելու են գալիս հազարավոր ուսանողներ Կորեայից, Վիետնամից, Հունգարիայից, Արգենտինայից, Հունաստանից, Նոր Զելանդիայից և այլ երկրներից և մենք նրանց սովորեցնում ենք օրինակ հայոց լեզու և գրականություն: Չպատկերացրեցրեցիք չէ: Հիմա կարող եք հակադարձել, որ նրանց համար կարող է լինել այլ ծրագիր, որտեղ այդ առարկաները չկան, համաձայն եմ, բայց այդ դեպքում այս առարկաների փոխարեն մենք ծրագիրը լցնելու ենք մասնագիտական առարկաներով և արդյունքում ստացվելու է, որ օտարերկրյա ուսանողներն անցնում են ավելի շատ մասնագիտական առարկաներ, քան հայաստանցիները և արդյունքում նրանց մրցունակությունը լինում է ավելի բարձր, քան մեր ուսանողներինը:
     Հ․ Գ․ 3․ Այս նույնը կարող ենք պատկերացնել պոլիտեխնիկականի, բժշկականի, կոնսերվատորիայի կամ ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողի համար:
     Հ․Գ․ 4․Որոշակի նկատառումներից ելնելով կարող եմ քիչ թե շատ համաձայնել միայն հայոց պատմության առարկայի առարկայացանկում մնալու հետ, սակայն այստեղ կրթությունը պետք է լինի բոլորովին այլ մակարդկում, որը չի տրվում դպրոցական ծրագրերում:
     Հ․Գ․ 5․ Հասկանում եմ նաև, որ որոշ դասախոսական շրջանակներ աշխարհի հնարավոր ու անհնար պատճառները կբերեն իրենց առարկայի ամենակարևորը լինելու մասին, սակայն կարծում եմ՝ ամենակարևորն ուսանողի շահն է, ոչ թե դասախոսի կամ բուհինը»։

3776 | 0
Facebook