Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լեզվի կոմիտեի հորդորակը՝ «կողմից» կապով կազմվող կրավորական կառույցների մասին

16:40, չորեքշաբթի, 03 ապրիլի, 2019 թ.
Լեզվի կոմիտեի հորդորակը՝ «կողմից» կապով կազմվող կրավորական կառույցների մասին

Լեզվի կոմիտեն ներկայացնում է «կողմից» կապով կազմվող կրավորական կառույցների մասին հորդորակը։

Մեր լեզվի քերականական բազմաձևությունից օգտվելու փոխարեն մենք երբեմն նախապատվություն տալիս ենք միայն մեկ ձևի, դա դարձնում կաշկանդող կաղապար։

Այս անգամ կխոսենք այդպիսի կաղապարներից մեկի՝ «կողմից» կապով կազմվող կրավորական կառույցների մասին։ Արդեն այնքան է չարաշահվել այս ձևի գործածությունը, որ ոմանց սխալմամբ թվում է, թե չի կարելի ասել, օրինակ, «Մեր կատարած աշխատանքը» և պարտադիր պետք է ասել «Մեր կողմից կատարված աշխատանքը»։ Շատերը խուսափում են «Մեր իրականացրած ծրագրերը» ասելուց և նախընտրում են «Մեր կողմից իրականացված ծրագրերը» տարբերակը։ Կարծեք բացառված է, որ կառավարությունը կամ առհասարակ որևէ մարմին ինչ-որ աշխատանք ձեռնարկի, որոշում ընդունի, կարգ սահմանի։ Այդ աշխատանքը պարտադիր կատարվում է կառավարության կողմից, որոշումն ընդունվում է գերատեսչության կողմից, կարգը սահմանվում է իրավասու մարմնի կողմից։ Խոր մոլորություն...

Արդեն հասել ենք այնպիսի ծայրահեղության, որ օրենքներում, օրենսգրքերում ոչ կրավորական ձևեր գրեթե չեն հանդիպում։ Որևէ բան ոչ ոք չի անում, ամեն ինչ նրանց կողմից կատարվում է։ Բերենք օրինակներ.

«Հոգաբարձուների խորհուրդը պայմանագիր է կնքում իր կողմից նշանակված կառավարչի հետ»։

«Խախտում է համարվում անձի կողմից կատարված անօրինական գործողությունը կամ անգործությունը»։

«Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված են....»:

«Օրենքն ընդունվել է Ազգային ժողովի կողմից»։

Եթե որևէ իրավաբանի ասենք, որ այսպիսի դեպքերում կարելի է, առավել ևս գերադասելի է գրել. «Հոգաբարձուների խորհուրդը պայմանագիր է կնքում իր նշանակած կառավարչի հետ», «Խախտում է համարվում անձի կատարած անօրինական գործողությունը», «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված են...․», «Օրենքն ընդունել է Ազգային ժողովը», նա հավանաբար կառարկի. «Դա իրավաբանական լեզու է»։ Դրան էլ առարկում ենք մենք. դա ոչ թե իրավաբանության լեզու է, այլ լեզվի թերիմացության հետևանք։

Այդ թերիմացության պատճառով էլ երբեմն «մոռանում ենք», որ «կողմից» բառը պահանջում է կրավորական սեռի բայ, և գրում ենք. «Դատարանի կողմից ակտն անվավեր ճանաչելու դեպքում….», «Ղեկավարի կողմից .... որոշում ընդունելուց և շինարարության թույլտվություն տալուց հետո...», «…. ամուսիններից մեկի մահվան կամ դատարանի կողմից մահացած ճանաչելու հետևանքով»։

Այդպես էլ կողմից-ը սխալ է գործածվում այնպիսի կառույցներում, որտեղ կարող էր պարզապես բացառական հոլովաձև լինել: Այսպես.

«Այդ ընթացքում երկու թեկնածուի կողմից ընկերությունը հայտ է ստացել»։

«Լիցենզավորված անձ՝ կարգավորող հանձնաժողովի կողմից.... լիցենզիա ստացած անձ»։

Պարզ է, որ ընկերությունը հայտ է ստացել ոչ թե երկու թեկնածուի կողմից, այլ երկու թեկնածուից, և լիցեն-զավորված անձը ոչ թե հանձնաժողովի կողմից լիցենզիա ստացած անձն է, այլ հանձնաժողովից ստացած անձը։

Նկատի ունենալով այս ամենը, ինչպես նաև լեզվի անցանկալի կրավորականացումից խուսափելու նպատակով

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

չչարաշահել «կողմից» կապով կազմվող կրավորական ձևերի գործածությունը, օգտվել մեր լեզվի քերականական բազմաձևությունից և նախապատվություն տալ ոչ կրավորական կառույցներին։

2944 | 0
Facebook