«Ամուսինը զանգել 500 դոլար էր պահանջում, որ ցուցմունքը հետ վերցնեն». դատապարտյալի մայրն ահազանգել է MAMUL.am
MAMUL.am-ի խմբագրություն է դիմել Գևորգ Ռոբերտի Հակոբյանի մայրը՝ Հասմիկ Արամայիսի Սարգսյանը: Նրա որդին արդեն 8 տարի է, ինչ անազատության մեջ է: Կինը պնդում է, որ որդին անմեղ է և պահանջում է նրա գործի վերանայում: Քանի որ համաներումը չի տարածվել որդու վրա, ուստի մայրը որոշել է դիմել բարձրաստիճան պաշտոնյաներին. «Վաղաժամկետի համար որդիս դիմել է, մերժել են: Համաներում եղավ, բայց ոչ մի բան չի տարածվել նրա վրա, անմեղ նստած է, մի հոդվածը համապատասխանում է, մյուս երկուսը՝ ոչ: Ես ուզում եմ հրավիրել վարչապետի, Քննչական կոմիտեի, բոլոր պատգամավորների ուշադրությունը: Գոնե էդ երկու հոդվածները հանեն, որ համաներում լինի»,- մեզ հետ զրույցում ասաց Հասմիկ Սարգսյանը: Գևորգ Հակոբյանը 2011-ին դատապարվել է 14 տարվա ազատազրկման քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով: Ըստ իրականացրած հետաքննության՝ Գևորգը ուշ գիշերը ներխուժել է «Հերացու» թիվ 1 հիվանդանոց և սեռական ոտնձգություններ իրականցրել ՀՀ քաղաքացի Անի Հովհաննիսյանի նկատմամբ: Մեղադրյալի մոր խոսքով՝ իր որդուն առաջադրած մեղադրանքներն անհիմն են: «Ո՛չ մատնահետքերը կան, ո՛չ տուժողի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը կա, արդյունքում ինչ-որ բան չի պարզվել»,-ասում է նա: Կինը պնդում է, որ որդին տուժածին՝ Անի Հովհաննիսյանին, երբևէ չի տեսել և չի ճանաչել. «Աշխատանքից եկավ, որ հաց ուտի ու գնա գիշերվա սմեն, բռնեցին տարան: Մեր վկաներին էլ չընդունեցին, մենակ իրենց կողմից են եղել»,-ասում է նա: Հասմիկ Սարգսյանը ասում է, որ որդու ազատազրկումից հետո են իմացել, որ տուժողի քույրը՝ Աննա Հովհաննիսյանը եղել է որդու՝ Գևորգ Հակոբյանի գործը քննող դատավորի՝ Գագիկ Կոլյայի Պողոսյանի քարտուղարուհին: «Հետո իմացանք, որ տուժողի հայրն ինչ-որ պաշտոնավոր, թափով մարդ ա եղել՝ Հովհաննես Հովհաննիսյան, դեպուտատ էր երևի, ԱԱԾ-КГБ-ի հետ կապեր ուներ»,- ասում է նա: Գործի միակ ապացույցը եղել է հեռախոսազանգը. «Բայց իրենք են զանգել, ոչ թե՝ Գևորգը. տուժողի ամուսինը զանգել էր, 500 դոլար էր պահանջում, որ ցուցմունքը հետ վերցնեն»,-ասում է Հասմիկ Սարգսյանը: Կնոջ խոսքով՝ իր որդին նախկին պատգամավոր Արմենակ Արմենակյանի ազգականն է, ով սպանվել էր ԱԺ-ում հոկտեմբերի 27-ի ոճրագործության ժամանակ: «Մեր ազգականն էր, մեր արյունն էր, իր մահից հետո սկսեցին մեր ընտանիքների հետևից ընկնել»,-ասում է նա: «Ուզում եմ, որ որդիս ազատության մեջ լինի, ուզում եմ իմ կողքին լինի, դիմում եմ բոլոր պատգամավորներին, Քննչական կոմիտեին, որ որդուս գործը վերանայեն: Անիմաստ տեղը փակել են»,- մեզ հետ զրույցում եզրափակեց Գևորգ Հակոբյանի մայրը: |