«Արտավազդ» մրցանակաբաշխությունն ամփոփեց թատերական տարին
«Արտավազդ» մրցանակաբաշխությունն այսօր ամփոփեց թատերական տարին: Մրցանակաբաշխության լավագույն դերասան անվանակարգում հաղթեց Խորեն Լևոնյանը «Սասնա ծռեր» ներկայացման համար, իսկ լավագույն դերասանուհի ճանաչվեց Տաթև Մելքոնյանը` «Անպարկեշտ Թոմի մեկնաբանությունները» բեմադրության համար: Այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում. այն նվիրված էր թատերական գործիչ, Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադիր Տիգրան Շամիրխանյանի 120-ամյակին: Լավագույն երիտասարդ դերասան անվանակարգում մրցանակներ ստացան Սենիկ Բարսեղյանը «Սև արկղ» և Վիգեն Թադևոսյանը «Իուարշայի սուրը» ներկայացումների համար: Լավագույն երիտասարդ բեմադրիչ դարձավ Արմեն Մարգարյանը «Դու էիր պակաս» ներկայացմամբ: Լավագույն սցենոգրաֆիա անվանակարգում հաղթեց Վիկտորյա Ռիեդո-Հովհաննիսյանը «Սասնա ծռեր» բեմադրության համար, Լավագույն երաժշտության հեղինակ համարվեց Վաչե Շարաֆյանը «Սասնա ծռեր» ներկայացման երաժշտություն համար, Երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում հաղթեց Դավիթ Գասպարյանը «Սասնա ծռեր»-ի համար, Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում մրցանակների արժանացան Սաթենիկ Հախնազարյանը «Թակարդ Ստալինի համար» և Աննա Բալանդինան «Խաղաղության փողոցում» ներկայացումներում դերակատարումների համար: Լավագույն մանկական ներկայացում ճանաչվեց Աբովյանի դրամատիկական թատրոնի «Պոչատ աղվեսը» ներկայացումը: Լավագույն ներկայացում անվանակարգում մրցանակը հանձնվեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Չիպոլինո» բալետային ներկայացման համար: Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» հատուկ մրցանակի արժանացավ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի նախկին տնօրեն, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը «Հարսանիք թիկունքում» ներկայացման համար: Հատուկ մրցանակաների աժանացան նաև Համլետ Ղալեչյանը և Գ. Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Տիգրան Շամիրխանյանի անվան հատուկ մրցանակը հանձնվեց ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանին «Թակարդ Ստալինի համար» ներկայացման համար: |