Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.

Իրադարձություններ

100 միլիոն դրամի տուգանք՝ ընձառյուծ որսացողներին

01:25, երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ.
100 միլիոն դրամի տուգանք՝ ընձառյուծ որսացողներին

Հայաստանում որսագողության համար սահմանված տուգանքները խստացվում են: ՀՀ բնապահպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել որսագողության համար սահմանված տուգանքի չափը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ բնապահպանության նախարարության կենսաբազմազանության և կենսաանվտանգության քաղաքականության բաժնի պետ Ոսկեհատ Գրիգորյանը նշեց, որ ընձառյուծի համար նախատեսված 3 մլն դրամը կդարձվի 100 մլն: Եթե որսն արվել է հատուկ պահպանվող տարածքում, ապա տուգանքը հնգապատկվում է:

«Սա դեռ նախագծային տարբերակ է, առայժմ շրջանառության մեջ է, սակայն նախագծի գլխավոր շեշտադրումն այն է, որ տուգանքների խստացումը զսպող գործիք լինի, և մարդիկ խուսափեն որսագողությունից»,-ասաց Ոսկեհատ Գրիգորյանը:

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը կողմ է որսագողության համար նախատեսված տուգանքների չափի բարձրացմանը: «Տուգանքները բարձր լինելու դեպքում մարդիկ կվախենան նման քայլերի գնալ»,-ասաց նա:

Կարեն Մանվելյանը նշեց նաև, որ այսօր բարձր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ավելի արդյունավետ վերահսկողություն իրականացնել և հայտնաբերել որսագողության դեպքերը: Ներկայում քայլեր են ձեռնարկվում, որ տեղադրված սարքավորումների թիվն ավելանա առավել շատ տեղերում տեղադրելու համար: Կարեն Մանվելյանը նշեց, որ այսօր 100-ից ավելի տեսախցիկներ կան տեղադրված:

| | |
2443 | 0
Facebook
COMMENT.am