Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանում արձանագրվել է կարմրուկի բերովի չորրորդ դեպքը». Արսեն Թորոսյան

23:00, երկուշաբթի, 25 մարտի, 2019 թ.
«Հայաստանում արձանագրվել է կարմրուկի բերովի չորրորդ դեպքը». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխարհում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ներկայումս եվրոպայում կարմրուկի համաճարակը լուրջ առողջապահական խնդիր է և ավելի քան հինգ տասնյակ մահվան դեպք է գրանցվել: Վերջինս պատվաստումների վերաբերյալ ապատեղակատվության տարածման արդյունք է: Նման միտումների հետագա շարունակումը կարող է բերել արդեն իսկ վերացված վարակիչ հիվանդությունների հետվերադարձին` զանգվածային հիվանդացման դեպքերի, բռնկումների, համաճարակների, ինչպես նաև մահվան դեպքերի: Տեղին է նշել, որ որոշ երկրներում արդեն իսկ դիտվում է դիֆթերիայի հետվերադարձ՝ ուղեկցվելով բռնկումներով, մահվան դեպքերով:

Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, սակայն տարվա սկզբից լաբորատոր հաստատված բերովի արդեն չորրորդ դեպքն է գրանցվում: Դեպքերը համաճարակաբանորեն կապվում են Ուկրաինայի և Վրաստանի հետ:

Չորրորդ դեպքն արձանագրվել է Իտալիայի քաղաքացու մոտ, որը Հայաստան է ժամանել Ուկրաինայից 2 շաբաթ առաջ` առանց որևէ կլինիկական երևույթների: Ախտանշաններն ի հայտ են եկել մեկ շաբաթ առաջ՝ ունեցել է ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն, իսկ մարտի 23-ից սկսել է մարմնի ցանավորումը: Մարտի 25-ին կատարվել է լաբորատոր հետազոտություն և հիվանդի մոտ հաստատվել է կարմրուկ:

Հիվանդը վարակիչ շրջանում եղել է Արամի փողոցի վրա գտնվող տարբեր հանրային վայրերում և ունեցել է բազմաթիվ շփումներ այլ քաղաքացիների հետ, ովքեր մեծ հավանականութամբ կարող են վարակված լինել և նպաստել երկրում վիրուսի տեղական տարածմանը և նոր դեպքերի առաջացմանը:

Հիշեցնեմ, որ կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով և օժտված է խիստ բարձր վարակելիությամբ:

Պատվաստումներն են ամենաանվտանգ և արդյունավետ հանրային առողջապահական միջոցառումները` յուրաքանչյուր տարի փրկելով միլիոնավոր կյանքեր:
     Այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, հորդորում եմ դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել` միայն այս դեպքում զերծ կմնաք հիվանդությունից»:

2828 | 1
Facebook