Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գերմանիայի երկու քաղաքներում հայկական դպրոցներ են բացվել

17:35, երկուշաբթի, 25 մարտի, 2019 թ.
Գերմանիայի երկու քաղաքներում հայկական դպրոցներ են բացվել

2018 թվականի մարտ ամսից Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում գործող «Գիտելիք» հայկական դպրոցի հիմնադիրներ Լիլիթ Հակոբյանն ու Մասիս Առաքելյանը Մեքլնբուրգ-Ֆորպոմերն նահանգի Գրայֆսվալդ և Ռոսթոք ամենամեծ քաղաքներում հունվարին բացել են «Գիտելիք» դպրոցի մասնաճյուղերը:

Այս քաղաքներում հայկական կազմակերպություններ, միություններ չկան, իսկ այնտեղ ապրող հայերի շփումը սահմանափակվում է միայն միմյանց հանդիպելու կամ տուն գնալու մակարդակով: Լիլիթն ու Մասիսն առաջինն են, որ այդ քաղաքներում բացել են հայկական դպրոցներ, ինչը նրանք բացառիկ երևույթ են համարում: Նախևառաջ տարածք տրամադրելու ակնկալիքով կապ են հաստատել քաղաքային իշխանությունների հետ: Պատասխանը չի ուշացել. ինտեգրացիայի պատասխանատուն, իբրև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, հայկական մշակույթը տարածելու համար նրանց իր աջակցությունն է հայտնել:

Բարվոք և կոկիկ վիճակում գտնվող վարձակալած դասարաններում Լիլիթն ու Մասիսը յուրաքանչյուր շաբաթ օր Բեռլինից, հաշվի չառնելով հեռավորությունը, գալիս են՝ դասավանդելու երեխաներին: Լիլիթը հայերեն է սովորեցնում, Մասիսը՝ երգ, իսկ պարի դասընթացները համատեղ են կազմակերպում: Առավոտյան Գրայֆսվալդում, ցերեկը՝ Ռոսթոքում են կայանում դասերը: Ի դեպ, Լիլիթն ու Մասիս իրենց խոսքում շնորհակալություն հայտնեցին Գրայֆսվալդի Ինտեգրման հարցերի պատասխանատու Աննա Գացքենին` դասասենյակների հարցում ցուցաբերած օգնության համար:

Մասիս Առաքելյանը հույս հայտնեց, որ աստիճանաբար իրենց գործունեությունը կակտիվացնեն և նոր ծիլեր կտան, քանի որ շփվելով երեխաների հետ՝ հասկանում են, որ մեծ ցանկություն ունեն հայերեն սովորելու և անհամբերությամբ են սպասում հանդիպումներին: Նրանցից շատերը նույնիսկ չգիտեն, թե որտեղ է գտնվում Հայաստանը, ինչ պատմության և մշակույթի կրողներ են:

Հավելենք, որ «Գիտելիք» դպրոցի բոլոր մասնաճյուղերում սովորում են 70 աշակերտ: Սեպտեմբեր ամսին դպրոցը մշակութային փառատոնի մասնակցելու հրավեր է ստացել, որտեղ Գերմանիայի տարբեր քաղաքներում ապրող ազգերը ներկայացնելու են իրենց երկրի մշակույթը: Արդեն որոշվել է, որ երեք դպրոցների աշակերտները պետք է համերգային ծրագրով՝ երգ ու պարով օտարներին հաղորդակից դարձնեն մեր ազգային-մշակութային արժեքներին:

Գևորգ Չիչյան

14102 | 3
Facebook