Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումից հետո Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղային մամուլի ասուլիսը։
– Թվաց, որ դուք երկրորդ խաղակեսն ավելի լավ անցկացրիք: Ի՞նչը փոխվեց ընդմիջմանը:
– Իմ կարծիքով՝ առաջին խաղակեսում էլ մենք լավ խաղացինք: Երկրորդ խաղակեսում թարմ հարձակվողներ մտցրինք՝ Բրիասկոյին և Բաբայանին, որոնք կարողացան ակտիվացնել խաղը և գոլային պահեր ստեղծել:
– Նայելով այս խաղը՝ կարո՞ղ եք լավատես լինել հաջորդ խաղի համար:
– Մենք ամեն խաղին էլ ավելի օպտիմիստ ենք: Մտածում ենք, որ հաջորդ խաղն ավելի լավ կխաղանք, խաղից խաղ ավելի կկատարելագործվենք:
– Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի խաղի մասին ընդհանուր ի՞նչ կասեք:
– Իհարկե լավ ֆուտբոլ խաղացին: Ֆուտբոլում չկա արժանի ու ոչ արժանիի հարց: Ես խաղից հետո շնորհավորել եմ ձեր մարզչին հաղթանակի առթիվ:
– Ինչ-որ խնդիր կա՞ր ստանդարտ իրավիճակների հետ:
– Ոչ, խնդիրներ չունեինք: Պարզապես Բոսնիան լավ օգտագործեց իր ստանդարտ պահերը:
– Արամ Հայրապետյանի խաղի մասին ի՞նչ կասեք:
– Այո, մի քանի դրվագներում փրկեց թիմին, բայց դարպասապահի համար շատ կարևոր է կայուն ֆուտբոլ խաղալը: Շատ կուզեմ, որ նրա լավ խաղը շարունակական լինի:
– Ալիկ Առաքելյանը դուրս էր մնացել հայտացուցակից: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
– 23 հոգուց ավել չէինք կարող հայտավորել:
– Կա՞ ափսոսանքի զգացում:
– Տղաների ցուցադրած խաղից գոհ եմ, բայց արդյունքից՝ ոչ: Վստահ եմ, որ տղաները կարող են ավելի լավ խաղալ: