Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Համաձայն այդ վկայության, Չարենցը մասնակցել է Թումանյանի թաղմանը. բայց արդյո՞ք դա այդպես է». Հ. Չարխչյան

02:05, կիրակի, 24 մարտի, 2019 թ.
«Համաձայն այդ վկայության, Չարենցը մասնակցել է Թումանյանի թաղմանը. բայց արդյո՞ք դա այդպես է». Հ. Չարխչյան

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1923 թվականի մարտի 23-ին Մոսկվայում վախճանվեց Հովհաննես Թումանյանը: Նրա մարմինը տեղափոխվեց Թիֆլիս և ապրիլի 15-ին կայացավ հուղարկավորությունը: Հայաստանից Վրաստան մեկնեց պաշտոնական պատվիրակություն: Այդ մասին «Արմենտա» հեռագրական գործակալությունը հատուկ տեղեկատվություն հրապարակեց: Հաղորդագրության տեքստում մասնավորապես ասվում էր. «Երևանում գտնված գրողներն ու արվեստագետները որոշել են բանաստեղծի թաղմանը Թիֆլիս պատգամավորություն ուղարկել հետևյալ կազմով. ընկ. Մ. Սարյան, Ց. Խանզադյան, որ միաժամանակ նաև համալսարանի ներկայացուցիչն է և Ե. Չարենց: Պատգամավորությունը այսօր առավոտյան՝ ապրիլի 13-ին մեկնեց Թիֆլիս»:
     Համաձայն այս վկայության, Չարենցը մասնակցել է Թումանյանի թաղմանը: Բայց արդյո՞ք դա այդպես է: Բանն այն է, որ ապրիլի 15-ին, ժամը 12-ին, այսինքն ճիշտ այն ժամանակ, երբ Թումանյանի աճյունն իր վերջին ճանապարհն էր անցնում, Երևանի պետական թանգարանի դահլիճում ընթանում էր Ամենայն Հայոց բանաստեղծի հիշատակին նվիրված քաղաքացիական հոգեհանգստ: «Խորհրդային Հայաստան» թերթը ապրիլի 17-ի համարում ներկայացրել է այդ արարողության մանրամասները: Հրապարակելով ժողկոմ Ասքանազ Մռավյանի ելույթը՝ հոդվածագիրն այնուհետև գրել է. «Նույն իմաստով արտահայտվեց նաև ընկ. Եղիշե Չարենցը Հայաստանի գրողների և արվեստագետների կողմից: Նա հատկապես ցանկություն հայտնեց, որ ներկայիս գրողները յուրացնեն Հ. Թումանյանի ավանդը...»:
     Ստացվում է, որ Չարենցն իրականում Թիֆլիս չի մեկնել: Իսկ թե ի՞նչն էր պատճառը, որ բանաստեղծը վերջին պահին հրաժարվել է այդ ուղևորությունից ու ի՞նչ հիմքով էր հեռագրական գործակալությունը վկայում նրա մեկնումը, առայժմ հայտնի չէ»:

4674 | 0
Facebook