Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՄԻՊ-ը չհայտարարված այցեր է կատարել «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներ, զրուցել հացադուլավորների հետ

17:10, շաբաթ, 23 մարտի, 2019 թ.
ՄԻՊ-ը չհայտարարված այցեր է կատարել «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներ, զրուցել հացադուլավորների հետ

Մարդու իրավունքների պաշտպանին հանձնարարությամբ՝ բողոքների, ինչպես նաև «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա մարտի 22-ին այց է իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարտի 21-ից հացադուլ հայտարարած կալանավորված անձի հետ: Հացադուլը պայմանավորված է քրեական գործի քննության, ինչպես նաև որոշակի քննչական գործողություններ կատարելու պահանջով: Նշվածի կապակցությամբ կալանավորված անձը Պաշտպանին հասցեագրել է նաև գրավոր բողոք:

Ուսումնասիրվել են նաև հացադուլ հայտարարած անձի բժշկական փաստաթղթերը, իսկ առողջական վիճակի հարցերը քննարկվել են բուժանձնակազմի հետ։

Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ նաև ազատությունից զրկված այլ անձանց հետ: Բողոքների հիմնական մասը վերաբերել է դատավճիռների վերանայման հնարավորություններին, քրեական գործերով քննությանը, բժշկական օգնությանը, պատժից պայմանական վաղաժամկետ ազատմանը, պատժի կրումը շարունակելու նպատակով մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ տեղափոխելուն, Համաներման ակտի կիրառմանը, արտաքին աշխարհի հետ կապի ապահովման պայմաններին, պահման պայմաններին, ինչպես նաև կալանքը կրելու համար այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուն:

Հարցերից շատերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ, որոնց մի մասը տեղում լուծվել են:

Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված մյուս հարցերի լուծման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակներում կձեռնարկվեն օրենքով նախատեսված անհրաժեշտ քայլեր, այդ թվում՝ իրավասու մարմիններին ուղղված գրավոր հաղորդակցությամբ

2325 | 0
Facebook