«Կփորձենք թիմային խաղ ցուցադրել՝ մեծ ցանկությամբ և նվիրվածությամբ». Արմեն Գյուլբուդաղյանց
Մարտի 23-ին կայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ այսօր Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսը։ - Պարոն Գյուլբուդաղյանց, ինչպե՞ս եք պատրաստվել վաղվա հանդիպմանը և ի՞նչն է լինելու վաղվա խաղում հաջողության հասնելու հիմնական գրավականը: - Մենք կփորձենք միասնական լինել դաշտում, կփորձենք թիմային խաղ ցուցադրել՝ մեծ ցանկությամբ և նվիրվածությամբ, կփորձենք քիչ սխալվել և մեր շանսերն օգտագործել: - Ընդհանուր տպավորությունն այն է, որ Բոսնիա և Հերցեգովինան ֆավորիտ է վաղվա խաղում, համաձա՞յն եք այդ մտքի հետ: - Չնայած Դուք նշեցիք, որ ժամանակակից ֆուտբոլում ֆավորիտներ չկան, ես կարծում եմ, որ, այդուհանդերձ, Բոսնիա և Հերցեգովինան է վաղվա խաղի ֆավորիտը: Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի կազմում ո՞ւմից եք ամենաշատը զգուշանում և սպասում ամենամեծ վտանգը: - Բոլոր դիրքերում էլ ունեք ընդգծված առաջատարներ, և իմաստ էլ չունի նշել՝ Ջեկոն, Պյանիչը, բայց մենք էլ ունենք այդ մակարդակի, նույնիսկ ավելի բարձր մակարդակի ֆուտբոլիստ: Բացի այդ, ես չասացի, որ ֆավորիտներ չեն լինում, ես ասացի, որ ֆավորիտները ոչ միշտ են հաղթում: -Ձեր կարծիքով ի՞նչն է լինելու Ձեր հաջողության գրավականը վաղվա խաղում՝ քիչ սխալներ անե՞լը, թե՞ ունեք այլ ռազմավարություն: - Ես հենց սկզբից ասացի, որ պետք է թիմային ֆուտբոլ խաղանք և եթե կարողանանք մեր լավագույն խաղը խաղալ, հաջողության կհասնենք:
- Պարոն Գյուլբուդաղյանց, ի՞նչ մթնոլորտ է թիմում, արդյո՞ք ունենք վնասվածքով ֆուտբոլիստներ և ի՞նչ վիճակում է Արսեն Բեգլարյանը: - Թիմում լավ մթնոլորտ է, տղաները մեծ ցանկությամբ են մարզվում: Արսեն Բեգլարյանը, ցավոք, վերջին մարզմանը վնասվածք ստացավ և հենց այդ պատճառով չուզեցինք ռիսկի դիմել: Եթե Արսեն Բեգլարյանը հասցնի ապաքինվել մինչև մեր վերադառնալը, կրկին կլինի հայտացուցակուն: - Պարոն Գյուլբուդաղյանց, եթե Յուրա Մովսիսյանը պատրաստ չէր խաղին, ի՞նչն էր պատճառը, որ նա թիմի հետ ժամանել է Սարաևո: - Յուրա Մովսիսյանի դերը թիմում շատ կարևոր է: Մենք անընդհատ նշում ենք, որ հավաքականը մեկ ընտանիք է: Ես շատ ուրախ եմ, որ Յուրան թիմի հետ է: Բացի այդ, ես հույս ունեմ, որ Յուրան մեկ-երկու ամսից կրկին թիմ կունենա և կսկսի հրավիրվել հավաքական: - Կարելի՞ է ասել, որ այս շրջափուլը Ձեր կարիերայի գլխավոր փորձությունն է լինելու: - Եթե հաշվի առնենք իմ անցած ճանապարհը, կարող եմ ասել, որ սա փորձություններից մեկն է: - Ի՞նչ դիրքում եք դիտարկում Արմեն Մանուչարյանին և Արտակ Եդիգարյանին: - Իմ կարծիքով, Մանուչարյանն իր լավագույն որակները կարողանում է ցուցադրել եզրերում, իսկ ինչ վերաբերում է Արտակ Եդիգարյանին, նա այն քիչ թվով ֆուտբոլիսներից է, ով կարողանում է խաղալ ցանկացած դիրքում: Իմ կարծիքով, Արտակ Եդիգարյանի օպտիմալ դիրքը հենակետային կիսապաշտպանն է: - Ինչպե՞ս եք գնահատում Արաս Օզբիլիսի և Գևորգ Ղազարյանի մարզավիճակը: -Ընդհանուր առմամբ, լավ: |