Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակն է

14:20, երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ.
Այսօր Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակն է

«Մենակ ենք և պետք է ապավինենք միա՛յն մեր ուժերին` թե ճակատը պաշտպանելու և թե երկրի ներսը կարգ հաստատելու համար»:

Արամ Մանուկյան

1879 թվականի այս օրը ծնվել է Հայաստանի Առաջին Հանրապետության կերտողներից մեկը, Վանի ինքնապաշտպանության ղեկավար, Հայաստանի Առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանը:

Ծնվել է ՀՀ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում: Շուշիում դերձակություն անող եղբոր օգնությամբ ավարտում է Շուշիի Ագուլյաց դպրոցը: Դաշնակցական գաղափարների համար ընկերների հետ վտարվում է դպրոցից, որից հետո ընդունվում է Երևանի թեմական դպրոց: Ընդգրկվել է հակացարական պայքարի մեջ` գործելով Բաքվում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Կարսում: 1903 թվականից Կարսում զբաղվել է Արևմտյան Հայաստան զենք, կամավորական խմբեր փոխադրելով: Գործել է Վանում: Կազմակերպել է 1915 թվականի Վանի ինքնապաշտպանությունը, ստացել Վանի Արամ մականունը: Նա հեղինակություն ուներ թե թշնամիների, թե կողմնակիցնեի մոտ: Կազմակերպել է շուրջ 200 000 Վասպուրականի հայության գաղթը Արևելյան Հայաստան:

1916-1917 թթ-ին աշխատել է Թիֆլիսի հայոց Ազգային Բյուրոյում և ՀՅԴ Բյուրոյում: 1918 թվականի մարտ ամսին Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում ընտրվել է դիկտատոր: Սարդարապատի և Բաշ Ապարանի հերոսական մարտերի ժամանակ ապահովել է հայկական բանակի թիկունքը:

Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո ղեկավարել է երկիրը մինչև 1918թվականի հուլիսի 23-ը, մինչև Երևան ժամանեց Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ: Արամ Մանուկյանը նշանակվեց Ներքին գործերի նախարար և մինչև մահ վարել է այդ պաշտոնը: Մահացել է 1919 թվականի Հունվարի 29-ին բծավոր տիֆից:

Արամ Մանուկյանը հուղարկավորվել է այժմյան Կոմիտասի անվան պատթեոնի գերեզմանատանը: Խորհրդային տարիներին նրա աճյունը տեղափոխվել է Կոզեռնի գերեզմանատուն: Այժմ մեծն հերոսը հանգչում է Երևանի քաղաքային պանթեոնում:

4417 | 1
Facebook