Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Որտեղի՞ց Ադրբեջանին այդ իրավունքը». Միքայել Նահապետյան

04:15, չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ.
«Որտեղի՞ց Ադրբեջանին այդ իրավունքը». Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Պաշտոնական Բաքուն, ավելի քան քսանհինգ տարի, հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։ Սակայն Ադրբեջանի համբերությունն էլ սահման ունի։ Հայաստանի զինված ուժերը պետք է հեռանան Ադրբեջանի հողերից, համաձայն ՄԱԿ ԱԽ բանաձևերի։ Հակառակ դեպքում, Ադրբեջանը, ինչպես ցանկացած այլ պետություն, կօգտվի իր բոլոր իրավունքներից, համաձայն ՄԱԿ Կանոնադրության», Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիև։

Բաքուն գործնականում ակնարկում է «միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս օրինական ուժ կիրառելու» իրավունքի մասին։ Իհարկե, այդպիսի իրավունք կա (դեռ մի կողմ թողնենք, որ ՄԱԿ ԱԽ-ն նաև ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը բացառելու մասին էլ մի քանի լավ խոսք ունի): Որտեղի՞ց Ադրբեջանին այդ իրավունքը։ Սովետի փլուզումից հետո, որպեսզի միջազգային հանրությունը չմտնի մատի ու մատանում արանքը, չխառնվի էնտեղ, որտեղ խառնվելու իրավունք չունի` սկզբունք հռչակեց, որ նախկին ԽՍՀՄ երկրների սահմանները կճանաչեն միայն այն դեպքում, երբ դրանք իրար ճանաչեն։ Ասել կուզի, եթե մենք ու Ադրբեջանը վեճ ունենք` երկիրը ճանաչում են, սահմանների հարցը հետաձգում են մինչև մենք իրար հետ համաձայնության գանք։ Հիմա ո՞նց ստացվեց, որ ամբողջ աշխարհը հստակ դիրքորոշում ձևավորեց առ այն, որ Ադրբեջանի տարածքը ներառում է նաև Ղարաբաղը։ Հեռավոր 1991թ. դեկտեմբերի 21-ին Ալմա-Աթայում Հայաստանն ստորագրել է ԱՊՀ-ին միանալու արձանագրությունը, որում գրված է, որ կողմերը ճանաչում են մեկը մյուսի սահմանները և հարգում տարածքային ամբողջականությունը։ Ընդ որում ՀՀ խորհրդարանը դա վավերացնելիս կարող էր հատուկ կարծիք ներկայացնել, որ Ղարաբաղի մասով բացառություն ունի։ Դա չի արվել։ Հիմա, եթե գնում ենք նոր ճանապարհով, շատ կարևոր է նաև էս հարցը հստակեցնելը»։

3602 | 0
Facebook