Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեկ դար է անցել. կդառնա՞նք վերջապես պետականության գաղափարը կրող ազգ». Ռ. Շուխյան

03:15, երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ.
«Մեկ դար է անցել. կդառնա՞նք վերջապես պետականության գաղափարը կրող ազգ». Ռ. Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1918-ի մայիսին Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման մասին է պատմում երկրի վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը. «Հանրապետությունը ցնծությամբ չեկավ, հայ ժողովուրդը սրտի ուրախությամբ չընդունեց (անկախությունը), որովհետև ամենայն աննպաստ պայմաններում էր գալիս: Հայ ժողովուրդը պատրաստ չէր սեփական պետական կազմակերպությունը ունենալու: Եթե ասեմ, որ ամենքը գոհ էին Հայաստանի Հանրապետության ստեղծումով, ամբողջ ճշմարտությունը ներկայացրած չեմ լինի, որովհետև կար մի տարր, որ չէր կարող գոհ լինել, մասնավորապես՝ Թիֆլիսի հարուսները, Թիֆլիսի մտավորականության որակյալ, այսպես, մասը: Բայց ուրիշ ելք չկար, և շուտով հայտնի եղավ, որ ուրիշ ելք՝ ա՛յն ժամանակ չկար, բայց հետո եղավ»:

Վրացյանը նկարագրում է նաև այն իրավիճակը, որ ստեղծվել էր 1920-ի դեկտեմբերի 2-ի դրությամբ, երբ Հայաստանի վրա ռուս-թուրքական համատեղ արշավանքի արդյունքում իշխանությունը հանձնվեց բոլշևիկներին: Նա ցավով է նշում, որ այդ փաստը հասարակության վրա առանձնապես ազդեցություն չէր թողել: «Շատ հուզված էին միայն թուրքահայերը, որոնք դառն կերպով սգում էին անկախության խորտակումը: Գավառները, հաղորդակցության միջոցների դժվարության պատճառով, մեծ մասամբ հանկարծակիի էին եկել, բայց այնտեղ էլ առանձնապես ափսոսանք չէր նկատվում: Ոմանք նույնիսկ ուրախ էին. վերջապես ռուսը կգա ու կփրկի մեզ, թուրքերից էլ կապահովվենք, հաց էլ կունենանք, նավթ էլ կգա, կյանքը կդառնա ավելի դյուրին: Այս էր ընդհանուր մտայնությունը»,- պատմում է Վրացյանը:

Մեր ժողովրդի մոտ առկա այդ հոգեվիճակը ժամանակին ճշգրիտ բնորոշել է Գարեգին Նժդեհը. «Հիվանդ, դժբախտ իմ ժողովուրդ, որ մինչև այժմ երկու առաքինություն է ունեցել՝ իր բոլոր դժբախտությունները վերագրել արտաքին պատճառների և փրկությունը հուսալ միայն արտաքին ուժերից: Այստեղ է պատճառը մեր տարօրինակ հավատի և խանդավառության` երբ օտարը խոստումներ է կատարում, և նույնքան տարօրինակ հիասթափության և հուսալքումի՝ երբ նա դրժում է այդ խոստումները: Աղետալի մի ինքնաժխտում, որը մեզ հոգեբանորեն այնքան անարժեք է դարձրել, որ անգամ մեր դժբախտության մեջ մեղքի որոշ բաժին էլ մեզ տալը զլանում ենք»:

2846 | 1
Facebook