Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հաճախ այդ նշանները տեղադրված են ոչ թե վարորդներին օգնելու, այլև տուգանելու համար». Վիկտոր Ենգիբարյան

04:05, երեքշաբթի, 19 մարտի, 2019 թ.
«Հաճախ այդ նշանները տեղադրված են ոչ թե վարորդներին օգնելու, այլև տուգանելու համար». Վիկտոր Ենգիբարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի վարորդներ, մեր քաղաքական թիմն ի սկզբանե հայտարարել է, որ մենք պետք է վերջ տանք «տուգանող ու պատժող պետություն» լինելուն։ Սրան հետևում է, որ, մասնավորապես, ճանապարհատրանսպորտային տուգանքներ պետք է կիրառել բացառապես այդ խախտումները ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ նպատակով։ Միևնույն ժամանակ, մենք բոլորս գիտենք, որ կանխարգելիչ դրամական տուգանքները պետք է լինեն համաչափ խախտում իրականացրած անձի եկամուտների հետ, որպեսզի այդ խախտման կրկնվելու հավանականությունը քչանա։ Արագությունը գերազանցման համար կիրառվող 20.000 դրամը մի վարորդի համար հսկայական բեռ է, մեկ այլ վարորդի համար՝ աննկատ գումար։ Այդ պատճառով ես ցանկանում եմ քննարկենք այն տարբերակը, որ ճանապարհատրանսպորտային տուգանքների մինիմալ չափերն առնվազն երկու անգամ կրճատվեն և դրանք բազմապատկվեն եկամտային գործակցի հետ։ Եկամտային գործակիցը կարելի է պայմանականորեն հաշվել մեքենայի արժեքով։ Դիցուք, արագությունը գերազանցման համար, եթե կամայական վարորդն այժմ պետք է վճարի 10.000 դրամ, ապա իմ առաջարկած տարբերակով նա կվճարի 5.000 դրամ՝ բազմապատկած մեքենայի արժեքի գործակցով։ Եթե մեքենան պայմանականորեն պատկանում է ամենաէժան մեքենաների դասին, ապա նա կվճարի 5000x1=5000դրամ, իսկ եթե այն պայմանականորեն ամենաթանկ մեքենան է 5000x10=50.000:

Հ.Գ. Ելակետ եմ ընդունում այն միտքը, որ որքան թանկարժեք է մեքենան, այնքան բարձր եկամուտ ունի սեփականատերը։
     Հ.Գ. 2 Բոլոր բերված թվերը օրինակներ են:
     Հ. Գ. 3 Բացի վերը նշվածից, առաջարկում եմ նաև որոշակի փոփոխություններ իրականացնել ճանապարհատրանսպորտային նշանների կահավորման մեջ։ Մասնավորապես, հաճախ այդ նշանները տեղադրված են ոչ թե վարորդներին օգնելու, այլև տուգանելու համար։ Օրինակ «համայնքային տարածք» նշանը հաճախ դրված է արագընթաց ճանապարհի վրա, որի շուրջ համայնքի որևէ կառույց կամ բնակավայր չկա։
     Հ.Գ. 4 Առաջարկում եմ նաև կանխիկ վճարելու մեխանիզմը վերացնել, սա պարունակում է կոռուպցիոն ռիսկ»։

7958 | 0
Facebook