Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Պետք է ստեղծել այնպիսի համակարգ, որ նպաստ ստանալը ձեռնտու չլինի». Նորայր Նորիկյան

12:40, կիրակի, 17 մարտի, 2019 թ.
«Պետք է ստեղծել այնպիսի համակարգ, որ նպաստ ստանալը ձեռնտու չլինի». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Հայաստանում 11 հազար 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար եւ ավել դրամի չափով վարկ է փակում: Ոմանք՝ ամիսը 100 հազար, ոմանք 400 հազար, ոմանք մեկ միլիոն ՀՀ դրամ՝ ընդգծելով, որ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր պաշտոնապես համարվում են աղքատ և 18-ից 40 հազար դրամ են ստանում, որպես սոցիալական աջակցություն:
     Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ մարդկանց նպաստ տալու համար պետությունը ծախսում է տարեկան մոտ 4.5 միլիարդ դրամ՝ հռետորական հարցադրում բարձրացնելով, թե վերը հիշատակված անձինք պե՞տք է զրկվեն նպաստից, թե՞ ոչ:
     Վերջերս առիթ ստեղծվեց հնարավորինս մանրամասն ծանոթանալու «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքին և այդ օրենքից բխող ՀՀ կառավարության մի շարք որոշումների, ինչը հնարավորություն տվեց հանգելու հետևության, որ գործող համակարգը հնարավորություն է տվել ձևավորելու անվերահսկելի կոռուպցիոն համակարգ, որից անհրաժեշտ է հնարավորինս արագ ձերբազատվել:
     Այլ կերպ ասած, պետական նպաստների գործող համակարգը պետք է վերանայել արմատապես և ձևավորել բոլորովին նոր համակարգ, որպիսի պայմաններում նպաստը կտրամադրվի անձին կամ ընտանիքին՝ հաշվի առնելով կոնկրետ սոցիալական աջակցության անհրաժեշտության առկայությունը՝ այդ աջակցությունը չպայմանավորելով տվյալ անձի կամ ընտանաիքի որոշակի փուլում ունեցած որոշակի կարգավիճակի հետ:
     Գործող համակարգը զրկում է սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներին զարգանալու և աղքատության մակարդակից դուրս գալու մոտիվացիայից:
     Մարդիկ չեն ցանկանում աշխատել, զբաղվել անասնապահությամբ, հողագործությամբ և գրանցել իրենց աշխատանքը, որպեսզի չզրկվեն իրենց նպաստից:
     Պետք է ստեղծել այնպիսի համակարգ, որ անձի կամ ընտանիքի համար նպաստ ստանալը ձեռնտու չլինի՝ աշխատելուց, աշխատանքը թաքցնելուց, անասնապահությունից, հողագործությունից կամ որևէ այլ աշխատանք իրականացնելուց:

Հ.Գ. Հարց է առաջանում, եթե 11 հազար 281 նպաստառու քաղաքացիներն աղքատ են և ամեն ամիս պետությունից ստանում են որոշակի գումար, բանկերն ի՞նչ չափորոշիչներով են առաջանորդվել այս մարդկանց վարկեր տրամադրելիս և ի՞նչ տրամաբանությամբ են հանգել հետևության, որ այս նպաստառուները կարող են ոչ միայն վարկ ստանալ, այլև մարել այն աստղաբաշխական տոկոսներով»:

| | |
2125 | 0
Facebook