Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խորհրդարանն ընդունեց օրենք աջ ղեկով ավտոմեքենաների մասին

14:25, հինգշաբթի, 14 մարտի, 2019 թ.
Խորհրդարանն ընդունեց օրենք աջ ղեկով ավտոմեքենաների մասին

Ազգային ժողովը մարտի 14-ին շարունակել է ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի աշխատանքը և քննարկել օրակարգային երկու նախագծերը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլագիաների նախարար Հակոբ Արշակյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ նշելով, որ նախորդ օրը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած արտահերթ քննարկման արդյունքում նախագիծը բարեփոխվել է և դրույթը ներկայացվել է նորովի: Ըստ այդմ՝ ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն մեքենաները, որոնց համար առկա են ձեռքբերման հիմքեր և վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, կարող են երկրի տարածք ներմուծվել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը:

Օրինագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել պատգամավորներ Գևորգ Պապոյանը և Սերգեյ Բագրատյանը, ովքեր դրական գնահատելով օրինագծի առկայությունը, անհրաժեշտ են համարել հետագայում ևս անդրադառնալ Հայաստան մեքենաներ ներմուծելու և տեխզննման հարցերին, քանի որ այսօր էլ շարունակվում է աջակողմյան ղեկավարում ունեցող մեքենաների ներմուծումը:

Ըստ Գևորգ Պապոյանի՝ մեքենաների ղեկերը Վրաստանում ձևափոխվում են, այնուհետև ներմուծվում: Սերգեյ Բագրատյանն էլ առաջարկել է դիտարկել աջակողմյան ղեկը Հայաստանում տեղափոխելու հնարավորությունը, որպեսզի տնտեսապես չտուժեն այդ գործով զբաղվող քաղաքացիները:

Հաջորդիվ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Զեկուցողը նշել է, որ նախագիծը չի փոփոխվել, քանի որ ամբողջովին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում մինչ առաջին ընթերցմամբ քննարկումը լրամշակվել էր:

Նախագծերը քվեարկության արդյունքում ընդունվել են երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:

7258 | 0
Facebook