Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նո՛ւյնն է կարոտս հիմա` անսփոփ ու որբ»․ այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է

12:15, չորեքշաբթի, 13 մարտի, 2019 թ.
«Նո՛ւյնն է կարոտս հիմա` անսփոփ ու որբ»․ այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է

«Մեծերը փառքի հետևից չեն վազում: Փառքն ինքն է փնտրում նրանց ու գտնում».

Եղիշե Չարենց

1897-ի մարտի 13-ին` Կարսում, ծնվել է հայ հանճարեղ բանաստեղծ, արձակագիր Եղիշե Չարենցը: Սովորել է տեղի հայկական, ապա` ռուսական ռեալական ուսումնարանում, իսկ 1916-17-ից` Մոսկվայի Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանում:

Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1912-ին` Թիֆլիսում, իսկ առաջին գրքույկը` «Երեք երգ տխրադալուկ աղջկան» լույս է տեսել Կարսում: Չարենցն ականատես է եղել Վանում տեղի ունեցող ողբերգությանը, որից հետո տեսածի ու ապրածի անմիջական տպավորությամբ` 1916-ին գրել է «Դանթեական առասպել» պոեմը, «Վահագն», «Ազգային երազ» և «Հատված» պոեմները:

Բանաստեղծի գրական կեղծանվան ընտրության մասին տարբեր վարկածներ կան: Դրանցից ամենաուշագրավը Կարինե Քոթանջյանինն է՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։

Չարենցի ստեղծագործություններից առավել հայտնի են «Երկիր Նայիրի» վեպը, «Ես իմ անուշ Հայաստանի» տաղը, «Ամբոխները խելագարված» պոեմն ու մի շարք բանաստեղծություններ:

Չարենցի կերպարին անդրադարձել են գրականության մեջ, կերպարվեստում և կինոյում, նրա մի շարք բանաստեղծությունների հիման վրա գրել են երգեր:

1935թ-ից Չարենցի դեմ սկսվել են քաղաքական հալածանքներ: 1937-ին բռնադատվել է և մահացել Երևանի բանտի հիվանդանոցում, իսկ գերեզմանի տեղն անհայտ է:

Արդարացվել է հետմահու: Սահմանվել է ՀԳՄ Չարենցի անվան մրցանակ:

«...Եվ չիմացանք, թե ի՞նչ էր նրա վերջին խոսքը, վերջին պատգամը.... և չիմացանք, թե ի՞նչ արին նրա որբ աճյունը, ու՞ր է նրա շիրիմը... Եվ հավանաբար, երբեք էլ չիմանանք: Եվ հավանաբար, պետք էլ չէ, որ փնտրենք, քանի որ մեղանչած կլինենք ճշմարտության դեմ, այն օրերի դաժան ու դժնի տրամաբանության դեմ, ըստ որի Չարենցի նմանները պիտի նույնիսկ շիրիմ չունենային: Չարենցի անհայտ գերեզմանը շիկացած խարան է այն ժամանակների ու նրա հեղինակների ճակատին: Արհեստական միջոցներով չմաքրենք այդ խարանը...»,-ասել է Վահագն Դավթյանը:

9367 | 0
Facebook