Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.

Իրադարձություններ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ

21:20, երկուշաբթի, 11 մարտի, 2019 թ.
Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ

Մարտի 11-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: Նախարար Մնացականյանը ողջունեց Հայաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի շաբաթի շրջանակներում ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի այցը:

Զրուցակիցները վերահաստատեցին երկկողմ հանձնառությունն ԱԳԳԾ շրջանակներում համագործակցությանը՝ արժևորելով տարբեր ոլորտներում ՆԱՏՕ-ի հետ հաստատված գործընկերային հարաբերությունները: Այդ համատեքստում կարևորվեց հանդիպումների և փոխայցելությունների դինամիկայի ապահովումը՝ համատեղ աշխատանքը շարունակելու նպատակով: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ԱԳԳԾ շրջանակներում քաղաքական երկխոսության շարունակման, պաշտպանության և անվտանգության ոլորտներում բարեփոխումների գործընթացին, արտակարգ իրավիճակների, գիտության և համատեղ հետաքրքրություն առաջացնող մի շարք այլ բնագավառներում համագործակցությանը:

Զրուցակիցները բարձր գնահատեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021 թվականների ազգային ծրագրի հաստատումը ՀՀ կառավարության կողմից: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ողջունեց Հայաստանի ակտիվ մասնակցությունն ու ներդրումը միջազգային խաղաղության հաստատման գործում՝ նշելով, որ նման գործողությունները նպաստում են Հայաստանի հեղինակության բարձրացմանը՝ որպես միջազգային անվտանգության ապահովման կարևոր մասնակցի: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ: Ջեյմս Ապատուրայի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը:

| | |
910 | 0
Facebook