Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Թուրքիայում հետաքննություն է սկսվել Էրդողանի նկարը հատակին փռած վարորդի դեմ

23:25, երկուշաբթի, 11 մարտի, 2019 թ.
Թուրքիայում հետաքննություն է սկսվել Էրդողանի նկարը հատակին փռած վարորդի դեմ

Թուրքիայում հետաքննություն է սկսվել ավտոբուսի վարորդի դեմ, ով մաքրություն պահպանելու նպատակով ավտոբուսի աստիճանին թերթ է փռել, գրում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով demokrathaber.org-ին։ Պատճառն այն է, որ թերթի այդ էջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարն է եղել։

Էրդողանի՝ ողջ էջն ընդգրկող լուսանկարով թերթը Անկարա-Բուրդուր ավտոբուսի աստիճանին տեսնելով՝ ուղևորներից մեկը անհարմար է զգացել և թերթը շրջել։ Բայց կանգառից հետո ուղևորը նկատել է, որ թերթը նորից շրջված է ու Էրդողանի նկարը դարձյալ հայտնվել է ոտքի տակ փռված վիճակում։

Բուրդուր հասնելուն պես ուղևորը ոստիկաններին բողոքել է վերոնշյալ վարորդից։ Վերջինս բերման է ենթարկվել և հարցաքննվել «Հանրապետության նախագահին վիրավորելու» կասկածանքով։

Վարորդը իր ցուցմունքում նշել է, որ ավտոբուսը մաքրելուց հետո թերթն ինքն է փռել աստիճանին, այնուհետև անծանոթ մեկը թերթը վայր է գցել, իսկ ինքը այն նորից տեղն է դրել։ Վարորդը նշել է, որ նախագահին վիրավորելու որևէ մտադրություն չի ունեցել։ Հարցաքննությունից հետո նրան ազատ են արձակել։

| | |
1234 | 0
Facebook
COMMENT.am