Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել. ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

16:20, ուրբաթ, 01 մարտի, 2019 թ.
Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել. ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) փետրվարին տարածաշրջան այցի շրջանակում հանդիպումներ են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, երկու երկրների արտգործնախարարների հետ: Մոտ ապագայում նախապատրաստվում է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, ասվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ տարածաշրջանում հանդիպումների ընթացքում առաջնորդները համանախագահներին տեղեկացրել են հունվարին Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում ունեցած վերջին զրույցի մասին: Համանախագահները դրական են գնահատել շփման գծում միջադեպերի շարունակական նվազումը: Բացի այդ, նրանք ողջունել են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ տարածաշրջանում զարգացող քննարկումները: Ղեկավարներն ընդունել են համանախագահների՝ մոտ ապագայում նրանց հովանու ներքո հանդիպելու առաջարկը:

Հաղորդվում է նաև, որ այցից հետո համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը մեկնել են Վիեննա և Բրատիսլավա, որպեսզի այցի արդյունքների մասին զեկուցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների մշտական ներկայացուցիչներին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին և ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակին:

6897 | 0
Facebook