Խնդրում ենք սպասել...

Համացանց

Դավիթ Բաբայանը ստեղծում է քաղաքական նոր ուժ՝ մասնակցություն ունենալով ԱՀ ԱԺ ընտրություններին

14:30, երեքշաբթի, 26 փետրվարի, 2019 թ.
Դավիթ Բաբայանը ստեղծում է քաղաքական նոր ուժ՝ մասնակցություն ունենալով ԱՀ ԱԺ ընտրություններին

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ բարեկամներ, ընկերներ, սիրելի՛ արցախցիներ, մեր հանրապետության ներքաղաքական կյանքը մտել է նոր դինամիկ զարգացման փուլ: Բնական է, որ այդ ամենն առնչվում է բոլորիս և ամեն մեկիս հետ: Յուրաքանչյուր հայրենասեր և գիտակից անձնավորություն պետք է մասնակցի մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքին՝ դրանով իսկ իր լուման բերելով մեր պետության զարգացման, զորացման և պաշտպանության գործին: Ավելի քան երկու տասնամյակ աշխատելով պետական տարբեր կառույցներում, զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, ակտիվորեն ներգրավված լինելով նաև հասարակական-քաղաքական ու գիտակրթական կյանքում՝ ես նույնպես չեմ կարող անմասն մնալ այդ ամենից: Երկար մտորումներից հետո, ինչպես նաև քաջալերվելով բազմաթիվ ընկերների և համախոհների կողմից՝ որոշել եմ նրանց հետ միասին ստեղծել նոր քաղաքական ուժ՝ Արցախի պահպանողական կուսակցությունը: Մենք բարձր ենք գնահատում բոլոր այն դրականը, մեր բոլոր ձեռքբերումներն ու հաղթանակները, որոնք արձանագրվել են վերջին երեք տասնամյակների ընթացքում: Այդ ամենին մեր ժողովուրդը հասել է իր քաջ զավակների թափած արյան ու բազում զրկանքների գնով, հասել է իր քրտնաջան աշխատանքի, անսասան հավատքի և անսպառ լավատեսության շնորհիվ: Մենք պարտավոր ենք պահպանել այդ բոլոր նվաճումները: Միևնույն ժամանակ, նոր հասարակական-քաղաքական կյանքը, աշխարհաքաղաքական գործընթացները դինամիկ կերպով զարգանում են, ինչը պահանջում է համապատասխան ներուժով, արհեստավարժությամբ, բարձր բարոյական հատկանիշներով օժտված մարդկանց ներգրավումը երկրի քաղաքական կյանքին: Հենց այս հրամայականները հաշվի առնելով՝ մենք ուզում ենք ակտիվ մասնակցություն ունենալ մեր երկրի զարգացման և զորացման գործում, պաշտպանել ժողովրդի շահերը՝ նոր գաղափարներ և մոտեցումներ կիրառելով պետականաշինության գործընթացում: Այս համատեքստում պատրաստվում ենք ակտիվ մասնակցություն ունենալ 2020-ի խորհրդարանական ընտրություններին: Ժողովրդի քվեն ստանալու և Ազգային ժողովում ներկայացված լինելու դեպքում մենք հնարավորություն կունենանք ավելի արդյունավետորեն իրականացնել մեր ծրագրերը՝ ի շահ մեր ժողովրդի և հայրենիքի: Կուսակցության գաղափարախոսության հիմքում ընկած են ազգային արժեքների, մեծ զոհողությունների գնով ձեռք բերված հաջողությունների և հաղթանակների պահպանումը, նոր իրավիճակում նոր մարտահրավերներին արդյունավետորեն և արհեստավարժորեն դիմակայելը: Մեզ համար Արցախի ինքնիշխանությունը, անվտանգության բարձր մակարդակը, սոցիալական արդարությունը և ժողովրդավարությունը, շրջակա միջավայրի պահպանումը բացառիկ արժեքներ են: Մեր կարգախոսներից են՝ արհեստավարժությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, աշխատասիրությունը: Ներքաղաքական կյանքում մենք որևէ մեկին դեմ չենք և որևէ մեկին չենք համարում թշնամի, ավելին՝ անընդունելի ենք համարում մեր հասարուկության ցանկացած երկպառակտում ու բևեռացում: Մեր ամենամեծ ներուժը միասնականությունն է: Հարգելի՛ հայրենակիցներ, ֆեյսբուք սոցիալական ցանցում ես պարբերաբար ուղիղ եթերների միջոցով ներկայացնելու եմ քաղաքական, տնտեսական, սոցիալական, աշխարհաքաղաքական և այլ խնդիրների շուրջ մեր մոտեցումները: Ակնկալում եմ ակտիվ հետադարձ կապ և կառուցողական քննարկումներ»:

8316 | 0
Facebook