«Պոպուլիզմի վտանգավորության մասին». Արման Բաբաջանյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Ժամանակակից աշխարհում, բազմաթիվ տարածաշրջաններում ու երկրներում պոպուլիզմի հաղթանակն ու հաղթարշավը համարվում է լրջագույն խնդիրներից մեկը։ Պոպուլիստները գալիս են իշխանության, վերցնում են իշխանությունը ու իշխանությունը ևս դարձնում պոպուլիստական։ Պոպուլիզմը վաղուց դուրս է եկել պետություններից ու դարձել է նաև միջազգային քաղաքականության թրենդ։ Պոպուլիզմը ջախջախում է քաղաքական գաղափարախոսություններն ու հոսանքները, պոպուլիզմը ինչ-որ իմաստով վերացնում է քաղաքականությունն ինքնին, քանի որ հասարակությանը դարձնում է չմտածող, ականջահաճո խոսքը հեշտ ընդունող ու դրա հիման վրա որոշումներ կայացնող զանգված։ Պոպուլիզմն, այդպիսով, ուղղված է նաև հասարակության կառույցի դեմ։ Պոպուլիզմի վտանգն առկա է նաև Հայաստանում, որտեղ իշխանության ղեկին գտնվող քաղաքական թիմն ու նրա առաջնորդը հայտարարում են որևէ «իզմի» չդավանելու մասին։ Պոպուլիզմի դրսևորումներ մենք տեսնում ենք նաև այսօր՝ ամենատարբեր հարցերի առնչությամբ իշխանության հղած ուղերձներում, հասարակությանն ուղղված տեքստերում։ Պոպուլիզմի հաղթանակը Հայաստանում նշանակելու է քաղաքականության պարտություն, քաղաքական մտքի մարգինալացում ու որոշումների կայացման գործընթացում ամբոխահաճության սկզբունքի դոմինանտություն։ Պոպուլիզմին տրվելու գայթակղությունն առկա է ցանկացած քաղաքական ուժի ու քաղաքական գործչի պարագայում։ Պոպուլիզմը չի պահանջում ջանք, ներդրում, աշխատանք։ Պոպուլիզմը նման է արագ սննդի, որն արտաքուստ գայթակղիչ է, սակայն իրականում քայքայում է օրգանիզմը, տվյալ դեպքում՝ քաղաքական համակարգն ու հասարակությունը։ Խորհրդարանական կառավարման համակարգում քաղաքականությունն այլընտրանք չունի, ինչպես որ չպետք է տեղ ունենա իր էությամբ ապաքաղաքական ու հակաքաղաքական պոպուլիզմը»։ |