Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արսեն Ջուլֆալակյանը հանդիպել է ՀՖԿՍՊԻ-ի ուսանողների հետ

22:00, չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ.
Արսեն Ջուլֆալակյանը հանդիպել է ՀՖԿՍՊԻ-ի ուսանողների հետ

Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Արսեն Ջուլֆալակյանը հանդիպել է բուհի ուսանողների հետ։
     Հունվարի 25-ի Հոգաբարձուների խորհրդի առաջին նիստի ժամանակ Արսեն Ջուլֆալակյանը, անդրադառնալով ՀՖԿՍՊԻ-ի ուսանողական խորհրդի անդամներից մեկի` ուսանողներին հանդիպելու և նրանց հետ անմիջական շփումներ ունենալու առաջարկին, պատրաստակամություն է հայտնել պարբերաբար քննարկումներ կազմակերպելու ուսանողների հետ:
     Ուսանողների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված հանդիպմանը ներկաներին ողջունել է ՀՖԿՍՊԻ-ի ուսանողների հետ կապված հարցերով ռեկտորի խորհրդական Հակոբ Հակոբյանը:
     Շնորհակալություն հայտնելով խորհրդի նախագահին հանդիպումը նախաձեռնելու և իրականացնելու համար՝ Հ. Հակոբյանը ընդգծել է, որ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Ջուլֆալակյանի` խորհրդի նախագահ ընտրվելու փաստը բուհում առաջացրել է մեծ ոգևորություն և արթնացրել հույս ու հավատ, որ Ջուլֆալակյանի նախագահությամբ կիրականացվեն ֆիզիկական կրթության ու սպորտի զարգացմանը նպատակաուղղված քայլեր ու ծրագրեր:
     Պատասխանելով ուսանողների հարցերին ու անդրադառնալով բուհերի տված գիտելիքներին՝ Արսեն Ջուլֆալակյանը շեշտել է, որ ժամանակակից ուսանողը պետք է խստապահանջ լինի առաջին հերթին ինքն իր նկատմամբ, պետք է պայքարի ոչ թե բավարար, այլ որակյալ կրթություն ստանալու համար:
     Այս առումով Ա. Ջուլֆալակյանը հորդորել է ուսանողներին բուհում անցկացրած իրենց ժամանակը տնօրինել խելամտորեն, սովորել օտար լեզուներ, զարգացնել իրենց մասնագիտական ունակությունները:
     Խորհրդի նախագահի ընդգծմամբ` ներկա ժամանակներում հաջողության ու ձեռքբերումների հիմքում լավ կրթությունն է: Ա. Ջուլֆալակյանը շեշտել է նաև գիտելիքները կիրառական դաշտ բերելու անհրաժեշտությունը:
     Քննարկելով ոչ օլիմպիական մարզաձևերի ֆինանսավորման անհրաժեշտությունը՝ մարզիկների՝ Ազգային բանակ զորակոչմանը, ուսանող-մարզիկների գործունեությանը վերաբերող հարցեր` Արսեն Ջուլֆալակյանը ներկայացրել է բարձրաձայնված խնդիրների լուծման հեռանկարային ուղղությունները և հավաստիացրել, որ Ազգային ժողով պատվիրակված է իր գործունեությամբ նպաստելու ֆիզիկական կրթության և սպորտի ոլորտում առկա բացթողումների ու խոցելի կողմերի հաղթահարմանը:
     Քննարկման ավարտին Ա. Ջուլֆալակյանը նշել է, որ, որպես Հոգաբարձուների խորհրդի նախագահ, իր բոլոր որոշումները միտված են լինելու մրցունակ բուհական կրթական համակարգի զարգացմանը և խոստացել, որ նմանօրինակ հանդիպումները կլինեն շարունակական:

2142 | 1
Facebook