Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Գիտական Արցախ» պարբերականի շնորհանդեսը

22:10, չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ.
ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Գիտական Արցախ» պարբերականի շնորհանդեսը

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «Գիտական Արցախ» պարբերականի շնորհանդեսը:

ԵՊՀ գիտական խորհրդի քարտուղար, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ Մենուա Սողոմոնյանը, ողջունելով ներկաներին, ասաց, որ տեղի է ունենում համալսարանական գիտամշակութային կարևոր իրադարձություն՝ «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ-ի և ԵՊՀ-ի կողմից հրատարակվող «Գիտական Արցախ» պարբերականի շնորհանդեսը:

«Պետք է նշեմ, որ ԵՊՀ-ն սերտորեն համագործակցում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման» հետ: Այս ընթացքում հասցրել ենք համատեղ շատ միջոցառումներ անցկացնել»,- ասաց Մ. Սողոմոնյանը:

Մենուա Սողոմոնյանը պատմեց Արցախում սեպտեմբերին տեղի ունեցած առաջին միջոցառման՝ երիտասարդական գիտաժողովի մասին, որը նվիրված էր Հայոց պետականության հիմնախնդիրներին:

«ԵՊՀ դասախոսներն ու ուսանողներն իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան այդ գիտաժողովին, և ուրախալի է, որ ԵՊՀ գիտական խորհրդի՝ նոյեմբերի 29-ին տեղի ունեցած նիստում հրատարակության երաշխավորեց «Գիտական Արցախ» պարբերականը, որն իր մեջ ներառում է այդ գիտաժողովի լավագույն հոդվածները», - հավելեց պարոն Սողոմոնյանը:

Այնուհետև ելույթով հանդես եկավ ԱԵԳՄՄ-ի նախագահ Ավետիք Հարությունյանը, որը նախ շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ղեկավարությանը՝ ցուցաբերած աջակցության և համատեղ իրականացված աշխատանքների համար, ապա հակիրճ ներկայացրեց ԱԵԳՄՄ-ի գործունեությունը, կազմակերպած միջոցառումները, ինչպես նաև «Գիտական Արցախ» հանդեսի բովանդակությունն ու խմբագրական կազմը, որի մեջ ներառված են և՛ արցախցի, և՛ օտարերկրացի գիտնականներ:

««Գիտական Արցախ» պարբերականի խմբագրությամբ զբաղված օտարերկրացի գիտնականները, որոնց հոդվածները նույնպես տպագրվել են այս պարբերականում, հնարավորություն են ունեցել այդ ընթացքում Արցախը ճանաչելու նաև իր ակադեմիական ներուժով»,- նշեց Ավետիք Հարությունյանը:

Պարբերականի խմբագրական խորհրդի նախագահն է եղել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկան նաև խմբագրական խորհրդի մի քանի անդամներ և հոդվածագիրներ:

2150 | 0
Facebook