Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մինչև աղջիկների հավաքականի հետ աշխատելն այլ կարծիք ունեի նրանց մասին». Վիգեն Խաչատրյան

19:45, հինգշաբթի, 14 փետրվարի, 2019 թ.
«Մինչև աղջիկների հավաքականի հետ աշխատելն այլ կարծիք ունեի նրանց մասին». Վիգեն Խաչատրյան

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կայացած ծանրամարտի Հայաստանի կանանց առաջնությունից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Վիգեն Խաչատրյանը, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, ամփոփեց իր սաների արդյունքները։ «Մրցելույթներից գոհ եմ։ Լավ է, որ աղջիկների քանակն ավելացել է։ Հավաքականի անդամ աղջիկների՝ Իզաբելլա Յայլյանի, Լիանա Գյուրջյանի, Տաթև Հակոբյանի, Արփինե Դալալյանի արդյունքները գիտեի նախապես։ Թեև շատ կիլոգրամներ չբարձրացրեցին, գոհ եմ, քանի որ վնասվածքներից նոր են ապաքինվել։ Այս քառյակը պետք է մասնակցի առաջիկա մրցումներին՝ Լիանան պատանիների աշխարհի առաջնությանը, իսկ Իզաբելլան, Տաթևը և Արփինեն՝ մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, որտեղ բոլորից մեդալների ակնկալիքներ ունենք։ Լիանայի՝ պատանիների աշխարհի առաջնության արդյունքից է կախված կմասնակցի մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, թե ոչ։ Իսկ պատանի աղջիկները նախապատրաստվում են պատանիների Եվրոպայի առաջնությանը»։

Խոսելով Տոկիոյի օլիմպիական խաղերին որակավորվելու համակարգի մասին՝ Խաչատրյանը նշեց. «Մինչև Տոկիոյի օլիմպիական խաղեր պետք է մասնակցենք վեց մրցման, որոնցից չորսին մարզիկը պետք է ներկայանա այն քաշային կարգում, որում մտադիր է մասնակցել օլիմպիական խաղերին։ Մրցումներից մեկին մենք արդեն մասնակցել ենք՝ մեծահասակների աշխարհի առաջնությանը։ Կմասնակցենք նաև Եվրոպայի առաջնությանը, իսկ հունիսին՝ Թաիլանդում կայանալիք միջազգային մրցաշարին։ Արդեն նախատեսել ենք, թե որ մրցումներին ենք մասնակցելու»։

Հարցին, լքելու է արդյոք հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, թե ոչ, Խաչատրյանը պատասխանեց. «Մենք աշխատում ենք Հայաստանի ծանրամարտի համար։ Էական չէ՝ ես աղջիկների հավաքականում կաշխատեմ, թե տղաների։ Որոշումը դեռ չկա բայց եթե այդպես որոշեն խնդիր չկա, ես էլի կօգնեմ թե՛ Արտաշես Ներսիսյանին, թե՛ Փաշիկ Ալավերդյանին, որովհետև դա մեր ընդհանուր գործն է, մեր Հայաստանի ծանրամարտը։ Այսօր պատասխանատու եմ աղջիկների հավաքականի համար և աշխատում եմ նրանց տանել մինչև վերջ՝ մինչև օլիմպիական խաղեր։ Իսկ հետո ով կլինի դա էական չէ։ Եթե այս պաշտոնին էլ չմնամ, միևնույն է, մնալու եմ նրանց կողքին։ Ճիշտն որ ասեմ, մինչև աղջիկների հետ աշխատելն այլ կարծիք ունեի աղջիկների հավաքականի մասին, բայց հետո նրանք փոխեցին իմ կարծիքը։ Հոյակապ թիմ ունենք։ Ճիշտ է արդյունքներով տղաներին մի փոքր զիջում են, բայց որպես կոլեկտիվ հոյակապ են»։

Կատարինե Այդինյան

3569 | 0
Facebook