Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Մի շարք անվանի մարզիկների ու սպորտի ոլորտի գործիչների խնդրանքով եմ այս ամբիոնին մոտեցել». Արսեն Ջուլֆալակյան

18:25, չորեքշաբթի, 13 փետրվարի, 2019 թ.
«Մի շարք անվանի մարզիկների ու սպորտի ոլորտի գործիչների խնդրանքով եմ այս ամբիոնին մոտեցել». Արսեն Ջուլֆալակյան

Այսօր Խորհրդարանը քննարկում է Կառավարության առաջիկա 5 տարիների ծրագրի նախագիծը: Ելույթների շարքում հանդես եկավ նաև ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը՝ խոսելով սպորտի դերի և նշանակության մասին։

«Մի շարք անվանի մարզիկների ու սպորտի ոլորտի գործիչների խնդրանքով եմ այս ամբիոնին մոտեցել։ Խնդրել են, որ անպայման խոսեմ սպորտի կարևորության, դերի, նշանակության մասին՝ հենց մեր երկրի համար, Հայաստանի համար։ Մինչ այսօր բավականին քիչ է այդ մասին խոսվում։

Շփվելով հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ՝ համոզվում եմ, որ բավականին մակերեսային են պատկերացումները սպորտի դերի և նշանակության մասին։ Շատերս կարծում ենք, որ կարևորը հաղթանակը և հանրահռչակումն է, իհարկե, դա շատ կարևոր է, բայց միայն դա չէ։

Բոլորի անունից նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ նախարարության անվան մեջ վերականգնվել է նաև սպորտ բառը, դա շատ կարևոր էր և հստակ ուղերձ է սպորտի հանդեպ մեր վերաբերմունքի շուրջ։ Այսուհետ փոխնախարարության մակարդակով կիրականացվեն բոլոր գործառույթները։

Վերադառնալով հիմնական թեմային՝ նշեմ սպորտի կարևորությունը։ Սկսեմ առողջությունից, քանի որ այն ամեն ինչի հիմքն է։ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերն այս առումով անփոխարինելի է, հատկապես մեր օրերում, երբ համակարգիչները, նորարարական տեխնոլոգիաները մտել են մեր առօրյա, և եթե նախորդ սերունդները պատանի, երեխա հասակում ավտոմատ զբաղվում էին ֆիզկուլտուրայով՝ բակերում խաղալով, այսօր, ցավոք սրտի, դա գրեթե չկա, ուստի մանկապարտեզներից սկսած պետք է շատ ուշադիր լինենք, որ ֆիզկուլտուրային և սպորտին մեծ ուշադրություն դարձվի։ Դպրոցում ունենալով առողջ աշակերտներ միանգամից երկու գերխնդիր ենք լուծում՝ ունենում ենք առողջ զինվորներ՝ տղաների պարագայում, և առողջ մայրեր՝ աղջիկների պարագայում, ինչը լուծում է դեմոգրաֆիական առողջ աճի խնդիրը, չէ որ մեր նպատակը միայն քանակը չէ, այլ նաև որակը։

Միջազգային ասպարեզում սպորտի դերի մասին, նրա բերած հեղինակության, դրական համբավի մասին նշեմ, որ սա մի բնագավառ է, որտեղ համեմատաբար սեղմ միջոցներով մրցում ենք աշխարհի հզորագույն երկրների հետ՝ անկախ դրա տարածքային մեծությունից, բնակչության քանակից և տնտեսական հզորությունից։ Եվ ինչն է կարևոր․ հավասար հարթակում ենք և պատվով ենք մրցում։ Այս պարագայում սպորտի դերը յուրահատուկ է։ Մի փոքր կարող է մեզ հետ մրցել մշակույթը, որ շաբաթներ շարունակ մեդալներ նվաճելով մեր երկրի մասին խոսում են համաշխարհային ԶԼՄ-ները։ Մի ցուցանիշ բերեմ․ ճամայկացի աթլետ կա՝ Ուսեյն Բոլթ։ Բոլոր ցուցանիշներով Ճամայկայի մասին ավելի շատ խոսվում է նրա շնորհիվ, և նա մի ամբողջ պետություն հանրաճանաչ է դարձրել։ Պետք է դա ևս կարողանանք ճիշտ օգտագործել և ծառայեցնել մեր երկրի շահերին։

Չմոռանանք, որ սպորտային հաղթանակները միավորում են ազգը, ինչն անչափ կարևոր է, թեկուզ ժամանակավոր, բայց հանրությանը կտրում են հոգսերից, աճում է հայրենասիրության զգացողությունը, հարգանքը մեր դրոշի, օրհներգի, ազգային խորհրդանիշների նկատմամբ։

Եվ նաև շատ կարևոր կետ՝ սպորտն աշխատանք է, զբաղվածություն։ Այսինքն այն մարդիկ, ովքեր այսօր զբաղվում են սպորտով, չեն հայտնվի աշխատաշուկայում և չեն ծանրաբեռնի առանց այդ էլ ծանրաբեռնված այդ ճյուղը, նաև չեն դասվի գործազուրկների թվին։

Սպորտը նաև հանում է պատանիներին փողոցներից, այսինքն կրիմինալն է նվազում սպորտի միջոցով։

Սպորտը նաև դաստիարակություն է։ Սպորտի միջոցով մարդու մոտ այնպիսի բնավորության գծեր են զարգանում, ինչպիսին են կարգապահությունը, աշխատասիրությունը, դժվարությունների հաղթահարման կարողությունը․․․ այս ցանկը կարող եմ շատ երկար շարունակել։ Թերագնահատել սպորտի կարևորությունն անթույլատրելի է։

Եվ վերջում որպես առաջարկներ, որոնք գրավոր կփոխանցեմ տիկին Մոկունցին, նշեմ առաջարկները՝

  • շեշտենք պարալիմպիկ սպորտի կարևորությունը
  • ներառենք սպորտային տուրիզմը, որը կարող է մեր տնտեսությանը շատ լուրջ եկամուտներ բերել
  • զարգացնենք սպորտային ենթակառուցվածքները
  • ամրագրենք բանակ-սպորտ կապը
  • կարևորենք Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի դերը

Խոսքս ավարտեմ ԱՄՆ նախագահներից ամենասիրվածիս՝ Քենեդիի խոսքերով․ «Թռիչք լուսնի վրա և օլիմպիական խաղերի մեդալներ․ սա է երկրի հեղինակությունը»։ Փորձենք երկու ուղղությամբ էլ առաջ գնալ»,- նշել է Ջուլֆալակյանը։

| | |
1997 | 1
Facebook