Հայաստանում տեսախցիկները դարձյալ կովկասյան հովազ են ֆիքսել
![]() Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ապահով կենսամիջավայր է դարձել կովկասյան հովազի համար: Տարածքում տեղադրված «թակարդ»-տեսախցիկները հունվարին երեք անգամ նկարահանել են նրա շարժը: Դա թույլ է տալիս արձանագրել, որ մեր երկրում կան անհրաժեշտ պայմաններ և բավարար սնունդ` կենսաբանների և կենդանասերների ուշադրության կիզակետում հայտնված այս կատվազգիի համար: Կովկասյան հովազի և վայրի այլ կենդանատեսակների շարժի տեսագրությունները կարևոր փաստեր են՝ տարածքի պահպանությանն ուղղված քայլերը վերլուծելու և գնահատելու համար: ![]() ![]() Նկարահանման տեղանքը չի նշվում՝ որսագողության հնարավոր դեպքերը կանխելու նպատակով: Արդեն 8 տարի տարածքը գտնվում է հիմնադրամի վերահսկողության տակ, ինչը բացառում է որսագողության, ապօրինի անտառահատումների և մարդու գործունեության բացասական ազդեցության հնարավոր դեպքերը: Այս առումով էապես կարևորվում է համագործակցությունը թե՛ պետական մասշտաբով՝ Բնապահպանության նախարարության հետ, թե՛ միջազգային գործընկերներների հետ, և թե՛ ներքին շրջանակներում՝ բնապահպանական տարբեր հիմնադրամների միջև: Հովազի պահպանման գործում էական դեր ունեն հեռավոր, այդ թվում՝ սահմանային համայնքները: Կենդանու այս տեսակը գտնվում է մշտական միգրացիայի ու տեղաշարժի մեջ: Կովկասյան հովազը մեկ օրում կարող է անցնել հարյուրավոր կիլոմետրեր: Նրա պահպանման կարևորությունն ու նշանակությունը գիտակցող համայնքները կարող են անգնահատելի աջակցություն ցույց տալ կենդանու պահպանության հարցում: Տարբեր կենդանատեսակների համար ապաստարանն ապահով կենսամիջավայր է դարձել՝ լինելով միգրացիոն միջանցքի մի մաս: Էապես ավելացել է մի շարք տեսակների, մասնավորապես՝ բեզոարյան այծերի գլխաքանակը: Սա հատկապես կարևոր է, քանի որ կովկասյան հովազի ներկայությունն առավելապես պայմանավորված է տարածքում բավարար սննդի առկայությամբ: Ըստ առկա տվյալների, Հայաստանի տարածքում «թակարդ»-տեսախցիկներով հնարավոր է եղել նկատել ընդամենը 3-5 առանձնյակի: |