Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայկ Մարությանն այցելել է Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոց

20:20, երկուշաբթի, 11 փետրվարի, 2019 թ.
Հայկ Մարությանն այցելել է Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոց

«2019-ին Ազարյանի դպրոցում նկատելի փոփոխություններ տեղի կունենան». քաղաքապետը շնորհավորել է
     լեգենդար մարզիկին
     Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ Ալբերտ Ազարյանը 90 տարեկան է: Հայկական սպորտի հսկային ծննդյան հոբելյանի առթիվ շնորհավորել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ այցելելով նրա անունը կրող մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց:
     Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Ալբերտ Ազարյանին այն մեծ ավանդի ու նվիրվածության համար, որ ներդրել է վարպետը՝ Հայաստանի պատիվը սպորտի աշխարհում միշտ բարձր պահելու և սերունդներ կրթելու ու դաստիարակելու գործում:
     «Դուք հայկական սպորտի լեգենդն եք: Ցանկանում եմ առողջություն, երկար տարիների կյանք, որ շարունակեք Ձեր օրինակով սերունդներ կրթել և Ձեր ներդրումն ունենալ սպորտի զարգացման գործում»,- նշել է Հայկ Մարությանը:
     Քաղաքապետը շրջել է մարզական օջախում, ծանոթացել գործունեությանը, մարզիկների և մարզիչների համար ստեղծված պայմաններին: 55 տարվա պատմություն ունեցող մարզադպրոցը երբեք հիմնանորոգման չի ենթարկվել: Այսօր շուրջ 170 մարզիկ է հաճախում դպրոց: Չնայած առկա բազմաթիվ խնդիրներին՝ մարզական օջախն այսօր էլ շարունակում է աշխարհում բարձր պահել Հայաստանի մարզական պատիվը. պարբերաբար դպրոցի սաները մրցանակներ են նվաճում միջազգային ամենաբարձր հարթակներում: Հայկ Մարությանը նշել է, որ մարզադպրոցում առկա տասնամյակների խնդիրների լուծումները քաղաքապետի օրակարգում են: Նա վստահեցրել է, որ հոբելյանական տարում Ազարյանի անվան դպրոցում նկատելի փոփոխություններ տեղի կունենան:

| | |
1719 | 0
Facebook