Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Էդ նույն մարզպետը կազմակերպեց, իմ նկատմամբ երկու հատ քրեական գործ հարուցեցին». Այգեստան համայնքի ղեկավար

16:10, երկուշաբթի, 11 փետրվարի, 2019 թ.
«Էդ նույն մարզպետը կազմակերպեց, իմ նկատմամբ երկու հատ քրեական գործ հարուցեցին». Այգեստան համայնքի ղեկավար

Այսօր Կառավարության նիստերի դահլիճում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ համայնքների ղեկավարների հետ հանդիպումից հետո, ցանկացել է ելույթ ունենալ Արարատի մարզի Այգեստան համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանը: Մասնավորապես, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի ելույթից հետո, երբ գյուղապետը ցանկացել է ներկայացնել համայնքի ջրագծերի և ոռոգման ցանցին առնչվող խնդիրը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը պահանջել է կա՛մ հեռանալ, կա՛մ «կարճ կապել»:

Լրագրողների հետ զրույցում Սոկրատ Հովսեփյանը նշել է, որ ինքն առաջարկ ուներ ներկայացնելու կառավարությանը, ինչն արգելեցին անել: Այնուհետև, համայնքապետը բողոքել է նորանշանակ մարզպետից՝ նշելով, որ վերջինի ցուցումով իր դեմ քրեական գործ են հարուցել, բայց ոչ մի բան չեն գտել։ «Էդ նույն մարզպետը կազմակերպեց, իմ դեմ հանեց մի 25-30 պլանքյաշի, բերեցին իմ նկատմամբ երկու հատ քրեական գործ հարուցեցին անցած տարի, քննեցին, քննեցին, կարճեցին հանցակազմի բացակայության պատճառով»,-ասաց նա։

Պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչո՞ւ արգելեցին Սոկրատ Հովսեփյանին ելույթ ունենալ կամ ի՞նչ քրեական գործերի մասին է խոսքը, Գարիկ Սարգսյանը պատասխանեց. «Դուք տեսա՞ք նա ինչպես մոտեցավ ամբիոնին, ոչ ոք թույլ չէր տվել նրան ելույթ ունենալ։ Ես էլ՝ որպես մարզպետ, իմ համայնքի ղեկավարին հորդորեցի, որ ելույթ չունենա։ Եթե ելույթ ունենալու է, գոնե՝ կարճ»:

Ինչ վերաբերում է համայնքապետի մատնանշած քրեական գործին, մարզպետն ասաց. «Այդ քրեական գործը հարուցել են իր համագյուղացիների բողոքների հիման վրա, բայց հետո կարճել են, քանի որ որևէ բան չեն գտել»:

| | |
3191 | 3
Facebook