Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ.

Հարցազրույցներ

«Պետք է պատրաստ լինել փոխզիջումների». Լևոն Զուրաբյանը հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցին

15:35, շաբաթ, 09 փետրվարի, 2019 թ.
«Պետք է պատրաստ լինել փոխզիջումների». Լևոն Զուրաբյանը հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցին

«Այն պնդումները, որ Հայաստանում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի թիմը Լևոն Տեր-Պետրոսյանի թիմն է, սխալ են: Այսօր դրանք առանձին, ինքնուրույն քաղաքական ուժեր են, որոնք ավելի վաղ՝ 2008-ին, բարիկադների մեկ կողմում էին»: Այս մասին ադրբեջանական Turan.az-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ այդ լրատվամիջոցի խմբագիրն այցելել էր Հայաստան:

Հարցազրույցի բառացի թարգմանությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

- Ո՞րն է Փաշինյանի կառավարության ծրագիրը:

- Համեմատել, քննադատել կամ աջակցել կսկսենք այն ժամանակ, երբ տեսնենք նրանց ծրագիրը: Իշխանության գալու պահից Փաշինյանի թիմն ավելի շատ զբաղվել է քաղաքական պայքարով, քան պետական գործերով, քանի որ խորհրդարանը կազմված էր հիմնականում հին ռեժիմի ներկայացուցիչներից: Երկիշխանության նման պայմաններում ծրագրի մասին խոսելն ավելորդ է: Այժմ ստանալով խորհրդարանական մեծամասնությունը՝ Փաշինյանը հնարավորություն է ստացել ծրագիր ներկայացնել և գործել: Հենց այդ ժամանակ էլ գնահատական կտանք:
     - Որո՞նք էին «թավշյա հեղափոխություն» սկսելու պատճառներն ու Փաշինյանի թիմի հաջողության գաղտնիքը:

- Աշխարհում որևէ ժողովուրդ չի սիրում կոռուպցիա, ազատության սահմանափակում: Բոլորը ցանկանում են ժողովրդավարություն, հավասար հնարավորություններ: Եվ դա հենց այն էր, ինչ պակասում էր Հայաստանին: Հենց դա էր ցույցերի և «թավշյա հեղափոխության» պատճառը: Այն, ինչ մեզ դուր չի գալիս, արտահայտում ենք հանրահավաքների միջոցով, և դրանք խաղաղ հանրահավաքներ են, բացառությամբ՝ 2008-ի մարտի 1-ը: Այդ ժամանակ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իշխանություններն ուժ կիրառեցին սեփական ժողովրդի դեմ: Եվ վերջին իշխանափոխությունը հաստատեց, որ ժողովուրդը դա չի ընդունել և դուրս եկավ փողոց, ինչպես 2008-ի մարտին:

- Ո՞րն էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Հայաստանի ռազմական ղեկավարության դեմ քրեական հետապնդում սկսելու պատճառը:

- Դա Հայաստանի ներքին գործն է: Չէի ցանկանա քննարկել այդ թեման ադրբեջանական մամուլի հետ: Հայաստանում «առողջացման» գործընթաց է ընթանում, որը պետք է ցույց տա, որ պետական գործիչներից և պաշտոնյաներից որևէ մեկը չպետք է անցնի որոշակի սահմանագիծը:

- Որքանո՞վ են արդարացի պնդումները, որ կա կոնֆլիկտ կամ հակասություն երևանցիների և ղարաբաղցիների միջև:

- Որևէ կոնֆլիկտ չկա: Այդ թեման շահարկում են որոշ անձինք՝ իրենց քաղաքական նպատկաներով: Հայաստանում և Ղարաբաղում մարդիկ հասկանում են, որ դա անիմաստ խոսակցություններ են:

- Որքանո՞վ են այսօր ակտուալ Լևոն Տեր-Պետրոսյանի մտքերը, որոնք նա արտահայտել է 1997թ. իր հայտնի «Պատերազմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածում:

- Այսօր էլ ակտուալ են, սակայն աշխարհը փոխվել է: Հայաստանի՝ այդ ժամանակվա ռազմավարական շահերի գիտակցումը ճիշտ էր, սակայն այսօր իրավիճակն այլ է, փոխվել է աշխարհաքաղաքական իրավիճակը, առաջին հերթին, սրվել է Արևմուտքի և Ռուսաստանի միջև «սառը պատերազմը»:

- Դա նշանակում է, որ իրավիճակը Հայաստանում վատթարացե՞լ է:

- Իրավիճակը վատթարացել է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ադրբեջանում (չի մանրամասնել, թե կոնկրետ ինչն է վատթարացել - խմբ.):

- Ի՞նչ նկատի ունեք:

- Ադրբեջանում շատերն ընդունում են ստատուս քվոն որպես խնդիր, որն անհնար է լուծել:

- Կա՞ արդյոք Հայաստանում մտավախություն, որ նոր պատերազմի դեպքում զավթյալ տարածքները կարող են կորցնել: Ավելի լավ չէ՞ համաձայնության գալ հիմա և դրա փոխարեն ինչ-որ բան ստանալ:

- Վերոնշյալ հոդվածում ասվում է, որ նոր պատերազմի դեպքում Ադրբեջանը կարող է նոր տարածքներ կորցնել և թող չմտածի, որ կհաղթի: Պետք է պատրաստ լինել փոխզիջումների: Ադրբեջանը պետք է գիտակցի, որ առանց դրա ոչինչ հնարավոր չէ:

- 1997-ին Տեր-Պետրոսյանի կառավարությունը կարգավորման փուլային տարբերակ ընդունեց: Հնարավո՞ր է նման ծրագիր այսօր:

- Այդ փաստաթղթում ասվում է, որ պետք է համաձայնության գան 3 կողմերը՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը, որ Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների արդյունքում: 1997-ի տարբերակն իրականում նշանակում էր Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչում: Այդ ժամանակ տարբերակը ձեռնտու էր Հայաստանին և Ադրբեջանին, սակայն ոչ՝ Լեռնային Ղարաբաղին:

- Կարելի՞ է դա կարգավորման բաց թողնված հնարավորություն անվանել:

- Այո:

- Ո՞րն էր այդ տարբերակից Ղարաբաղի հրաժարման պատճառը:

- Ղարաբաղն այդ խնդիրն մոտենում է որպես ինքնորոշման հարց: Մենք երբեք չենք խոսել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների մասին: Տեր-Պետրոսյանի բանաձևը հետևյալն էր. «Այն, ինչ ձեռնտու է Ադրբեջանին և Ղարաբաղին, ձեռնտու է նաև Հայաստանին»: Օրինակ՝ Շոտլանդիան: Որոշ ուժեր ցանկանում են անկախություն, և Լոնդոնը նրանց հետ բանակցություններ է վարում: Ցավոք, Բաքուն չի գնում երկխոսության ճանապարհով:

- Ի՞նչ պետք է այն Բաքուն այդ դեպքում:

- Ցանկացած կենտրոնական իշխանություն շրջաններին, որոնք իրենն է համարում, պետք է կարևոր պայմաններ ներկայացնի՝ անվտանգություն, ժողովրդավարության իրավունք, քաղաքացիական իրավունք: Եթե դա տեղի ունենար, և ղարաբաղիցներն իմանային, որ կարող են ապրել հանգիստ և զարգանալ, ինչո՞ւ պետք է առանձնանային: Այժմ ղարաբաղցիները կարծում են, որ Ադրբեջանում տեղ չունեն:

- Ինչպե՞ս կբացատրեք ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի աղմկահարույց հայտարարության վերաբերյալ Հայաստանի և Ղարաբաղի արձագանքը:

- ՀՀ պաշտոնական իշխանությունների կողմից կարծիք չի արտահայտվել, իսկ ինչ վերաբերում է մաքսիմալիստներին, ապա նման ազգայնականներ գոյություն ունեն ամենուր, ինչպես և Ադրբեջանում: Որպեսզի ղարաբաղցիները վերադառնան, Ադրբեջանը պետք է փոխվի: Եթե ձեզ չեն ճանաչում, ապա ձեր խնդիրն է համոզել, հասնել վստահության: Եթե օգնություն չեն ընդունել, ապա բավարար համոզիչ չեն եղել: Այն 400 միլիոն ռուբլին, որ Գորբաչովը տվել էր սոցիալ-տնտեսական զարգացման համար, իրականում տվել են Ադրբեջանին, այլ ոչ թե Ղարաբաղին (նկատի ունի 1988թ. Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը - խմբ.): Ընդ որում, Բաքուն այն օգտագործում էր ադրբեջանական բնակավայրերի զարգացման համար:

- Ինչո՞ւ Հայաստանը հրաժարվեց իր տարածքով նավթամուղի կառուցման գաղափարից:

- Գաղափարը մերժվեց, քանի որ հայկական կողմը չկարողացավ այդ հարցը բարձր դասել կարգավորման հարցից: Եթե նույնիսկ Տեր-Պետրոսյանը մնար իշխանության ղեկին, այդ ծրագիրը չէր իրականացվի: Նույնիսկ այսօր ուշ չէ որոշակի քայլեր անել՝ բացել ճանապարհներ, կարգավորել ղարաբաղիցների հետ շփումները:

Հակամարտության կարգավորման գործում կան նաև արտաքին մասնակիցներ: Հակամարտության կարգավորումը չի սահմանափակվում Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի համաձայնությամբ: Որոշումը պետք է համապատասխանի նաև գերտերությունների շահերին: Սակայն որքանով է հաջողվում ԵԱՀԿ-ին այդ հարցով հաջողության հասնել, դժվար է ասել: Խոսքերով նրանք միասնական դիրքորոշում են արտահայտում, սակայն կուլիսներում այլ գործընթացներ են ընթանում:

- Ի՞նչ է մոտ ապագայում սպասվում հայ-ադրբեջանական հարաբերություններին:

- Ոչ մի լավ բան: Կարգավորման իրական առաջընթաց չեմ տեսնում: Գլխավոր խնդիրը վստահության բացակայությունն է, և հենց այդ պատճառով ցանկացած զիջում վտանգավոր է դառնում: Անհրաժեշտ են վճռորոշ քայլեր՝ սահմանների բացում, ուղիղ շփում: Պետք է համաձայնության հասնել: Ի՞նչն է խանգարում Իլհամ Ալիևին հանդիպել Բակո Սահակյանի հետ: Չէ՞ որ ղարաբաղցիներին ձեր քաղաքացի եք համարում: Բանակցեք ձեր քաղաքացիների հետ: Միգուցե այսօր համաձայնության չգաք կարգավիճակի շուրջ, սակայն համաձայնության կգաք նախնական կարգավիճակի, ինչ-որ երաշխիքների շուրջ: Միգուցե այդպիսով համոզեք ղարաբաղցիներին, որ իրենք են սեփական ճակատագիրը կերտողները: Ճիշտ է, ադրբեջանցիները կարող են ասել՝ «այսօր դա են ցանկանում, վաղն ավելի շատ կցանկանան, սակայն այլընտրանք չկա»:

| | |
9802 | 1
Facebook