Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տաղանդավոր գրողները գեղեցկացնում են գրականությունը...». այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է

16:45, շաբաթ, 09 փետրվարի, 2019 թ.
«Տաղանդավոր գրողները գեղեցկացնում են գրականությունը...». այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է

«Նա մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և՛ սերը, և՛ հայրենիքը, և՛ բնությունը: Նա թարմացրեց հայ պոեզիայի և՛ նյութը, և՛ լեզուն... Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնան որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացմունքներ ու անխառն գեղեցկություններ»,- Վահան Տերյանի մասին ասել է Ավետիք Իսահակյանը:

1885 թվականի փետրվարյան այս օրը Ջավախքի Գանձա գյուղում ծնվեց Վահան Տերյան մեծ քնարերգուն, նաև հասարակական-քաղաքական գործիչը, ով իր կարճատև կյանքի ընթացքում ստեղծեց մի պոեզիա, որը նոր էջ բացեց հայ քնարերգության պատմության մեջ: Տերյանը գրական ուղին սկսելով որպես սիմվոլիստ, ռոմանտիկ գրող` այնուհետև ստեղծել է հոգեբանական ռեալիզմի իր ոճը:

1908թ-ին Թիֆլիսում լույս է տեսել Տերյանի առաջին՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որի լույսընծայման առիթով Ստեփան Զորյանը գրել է. «...Սկսվել էր պարզապես տերյանական շրջան, Տերյանի էպոխա: Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջները»:

Հետագա՝ «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Փշե պսակ», «Վերադարձ», «Կատվի դրախտ», «Ոսկե շղթա» շարքերում, որոնք «Մթնշաղի անուրջների» հետ ամփոփվել են «Բանաստեղծությունների» առաջին հատորում (1912թ.), Տերյանն ավելի է մոտեցել իրական կյանքին, ռեալիստական շեշտերով բացահայտել քնարական հերոսի տառապանքը, նրա՝ մեծ սիրո անընդհատ որոնումը («Վերջալուսին», «Միայնություն», «Ուշացած սեր», «Աշուն», «Չգիտեմ այս տխուր աշխարհում...», «Շշուկ ու շրշյուն» և այլն):
     Տերյանը բողոքում է ապականված աշխարհի դեմ, որտեղ «անհաս ցնորք» կինը գնվում է ոսկով («Ինձ չես սիրում»), քաղքենի տաղտուկի մեջ փշրվում են մարդու երազանքները («Կարուսել»):
     «Երկիր Նաիրի» (1915–17թթ.) շարքում բանաստեղծը նորովի է անդրադարձել հայրենիքի քաղաքական ճակատագրին, ստեղծել է ուրույն փիլիսոփայություն Հայաստանի հոգևոր հարստության, անցյալի, ներկայի և գալիքի մասին:

1918 թ-ին Տերյանը շրջել է Հյուսիսային Կովկասի քաղաքներում, սատարել եղեռնապուրծ հայ գաղթականությանը, գրել հոգեցունց բանաստեղծություններ («Մենք բոլորս, բոլորս մանուկներ ենք որբ...», «Հայրենիքում իմ արնաներկ» և այլն):

Տերյանն ստեղծել է ինքնատիպ գրական ոճ ու դպրոց, որին հետևել են շատ բանաստեղծներ:

«Տերյանը .... ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր «արքայական» լեզվին, հարստացրեց մեր ազգային քնարերգությունը նոր մոտիվներով ու տաղաչափական ձևերով, նույնիսկ դուռ բացեց նոր հանգի համար...». Պարույր Սևակ

| | |
1691 | 0
Facebook