Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Ողբերգությունը թիթեռնիկի թեթևությամբ մատուցելը Սերգեյ Յուրսկու մենաշնորհն էր». Քրիստ Մանարյան

22:15, շաբաթ, 09 փետրվարի, 2019 թ.
«Ողբերգությունը թիթեռնիկի թեթևությամբ մատուցելը Սերգեյ Յուրսկու մենաշնորհն էր». Քրիստ Մանարյան

Ռեժիսոր, սցենարիստ, երգահան Քրիստ Մանարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե անգամ լսած չլինեի իր մասին երբևէ ու առաջին անգամ տեսնեի «Ոսկե Հորթը» ֆիլմում, կհասկանայի, որ թատրոնի դերասան ա: Բեմից դասական դրամատուրգիա ներկայացնողներն ունեն մի անբացատրելի, անքննելի ինքնավստահություն, ի տարբերություն կինոյի դերասանների, ովքեր ստիպված են շատ հաճախ խաղալ կերպարներ, որոնք ժամանակի քննություն դեռ չեն բռնել:
     Կարողանում ա նայել հոգուդ մեջ էնպես, որ զգում ես՝ հենց քեզ ա դիմում, թվում ա՝ անունդ էլ գիտի: Ընդհանրապես սիրում ա նայել կամերայի մեջ, դա քիչ հանդիպող հնարանք ա, իր ձևի մեջ՝ խիզախություն, հարգանք հեռուստադիտողի ու կինոդիտողի հանդեպ: Նա հասկացնում ա, որ վստահում ա քեզ ու լցվում ես երախտագիտության զգացումով՝ իջավ, հասավ քեզ, ընկերդ ա, համախոհդ ա: Բայց իր մեջքին թփթփացնել չի թողնի, չափ կա:
     Միևնույն ժամանակ մենակ ա, միշտ: Հայացքը թափառում ա, փնտրում ա իր նմանին ու գիտի, որ չի գտնելու:
     Հեգնանքը զենք ա, ինքնահեգնանք՝ մասսայական ոչնչացման զենք՝ եթե ես ինձ չեմ խնայում, դուք ո՞վ եք, որ ձեզ խնայեմ:
     Երբեք չես գուշակի, թե իր հաջորդ ռեպլիկն ինչ ա լինելու, եթե անգամ անգիր գիտես ներկայացվող պիեսն ու դերը՝ հազար անգամ նայել եմ «Ոսկե Հորթն» ու «Շկիդ Հանրապետությունը», անընդհատ թվում ա, թե նոր բան ա ասում, տարբեր տեքստեր: Պրոֆեսիոնալ կախարդանք:
     Դուք նկատե՞լ եք, որ տրագիկոմեդիայում տրագեդիան միշտ գերակշռում ա: Կոմեդիան դադար ա, ընդմիջում, շունչ քաշելու հնարավորություն կամ նախերգանք՝ տրագեդիայի լաբիրինթոսներում: Սրանք պարզապես սիրուն բառեր չեն, տրագիկոմեդիան նախևառաջ ու հիմնականում՝ տրագեդիա յա, ողբերգություն:

Կանայք երբեք չեն սիրահարվում անարժան տղամարդուն, սիրել կարող են, սիրահարվել՝ ոչ:

Ողբերգությունը թիթեռնիկի թեթևությամբ մատուցելը Սերգեյ Յուրսկու մենաշնորհն էր, համենայն դեպս նրա տեղը դեռ ոչ ոք չի բռնել իմ հոգում: Գուցե նաև՝ ձեր: Աստված տա, որ նմանը հայտնվի՝ Վարպետը միայն կուրախանա, վերից նայելով:
     Մենք, հայերս, տրագիկոմեդիայի ժանրի գործեր առանձնապես շատ չունենք, մեր պատմությունը մեզ թույլ չի տալիս նման «թեթև» ոճում արծարծել համաժողովրդական տենչանքները: Բայց ունենք Պարոնյան, Օտյան, Կամսար: Այնինչ Իլֆի ու Պետրովի տրագիկոմեդիան մեզ էլ ա համոզում: Յուրսկու թեթև ձեռքով:
     Վերադառնալով մեր ցավերին՝ արվեստը ԿՎՆ-ն ու մայմունությունը չեն, արվեստը կրիմինալ սերիալներն ու կեղծ-հոգեպարար, կանխատեսելի բառերով երեք ակորդանոց երգերը չեն (հանուն արդրության նշեմ՝ թե մեզ մոտ, թե՝ ամենուր):
     Արվեստը դաս չի, որ զոռ տաս կրկնությանն ու անգիր անես:
     Արվեստը սահմանումներ չունի, ունի նվիրյալներ:
     Օստապ Իբրահիմիչ, սառույցը շարժվեց, անգամ ճաք տվեց, բայց Դու շարունակում ես գլխավորել շքերթը: Խոնարհումս քեզ, հեռու ու հարազատ հոգի»:

| | |
2132 | 0
Facebook