Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ակնկալում եմ իրավասուների պատասխանը». Գևորգ Պետրոսյան

17:45, երեքշաբթի, 29 հունվարի, 2019 թ.
«Ակնկալում եմ իրավասուների պատասխանը». Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արարատի մարզի հետքերով՝ զուտ իրավական տեսանկյունից․․․ Ոչ, ես նկատի չունեմ հիշյալ մարզի մարզպետի դատողությունները կոկորդիլոսի բիզնեսի և դրա ձվերի «ախտորոշման» վերաբերյալ դատողությունները․․․
     Ինձ հետաքրքրում է տարբեր լրատվականներով շրջանառվող տեղեկությունը, թե օրերս ՀՀ Կրթության և գիտության նախարարը մարզի դպրոցներից մեկից դուրս է վռնդել (կներեք՝ մեջբերել եմ բառացի՝ տեքստից) քահանային․․․ Եթե, իհարկե, իրականում այդպիսի բան տեղի է ունեցել, ես ուզում եմ հասկանալ, թե դա ի՞նչ իրավական հիմքերով է կատարվել։ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
     «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ պետությունը չի խոչընդոտում ազգային եկեղեցու մենաշնորհ հանդիսացող հետևյալ առաքելությունների իրագործմանը՝ ազատ քարոզել ու տարածել իր դավանանքը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և նպաստել հայ ժողովրդի հոգևոր կրթությանը, օրենքով սահմանված կարգով նաև պետական կրթական հաստատություններում: «Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործին իր նպաստն է բերում նաև հայ եկեղեցին: Ակնկալում եմ իրավասուների պատասխանը․․․»:

5421 | 4
Facebook