Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ակամա հարց է առաջանում, մա՞րդ է վատացել». Արթուր Սաքունց

23:55, չորեքշաբթի, 23 հունվարի, 2019 թ.
«Ակամա հարց է առաջանում, մա՞րդ է վատացել». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա եկեք զուտ տրամաբանորեն քննարկենք իրավիճակը։

Հանրային ռեսուրսների տնօրինման հետ կապված որոշումները չեն կարող որևէ առնչություն ունենալ անձնական գաղտնիքի հետ, դա անհրաժեշտ չէ ժողովրդավարական և իրավական պետությունում որևէ հիմնավորմամբ։

Ավելին, պաշտոնատար անձանց և նրանց հետ կապակցված անձանց անձնական տվյալները, օրինակ եկամուտները, գույքը, օրենքի ուժով պետք է հայտարարագրվեն։

Ավելին, վարչապետի կինը, առաջին վարչապետը հրապարակավ, առանց որևէ օրենքով պատսպարվելու, հրապարակայնորեն ներկայացրեցին իրենց անձնական փոքր քանակի ծախսված գումարների մասին հաշվետվություն։

Իհարկե, այդ թեման հատուկ շահարկողները սսկվեցին, և նույնիսկ չփորձեցին ազնվորեն խոստովանել, որ հրապարակային հաշվետվության նման օրինակ երբեք չի եղել նախկինում։

Եվ ի՞նչ, դրանից իրենք անձնապես տուժեցի՞ն։

Կասեի ոչ, չնայած այնքան էլ հաճելի չէ գտնվել նման, կենցաղային բնույթի հարցերին պատասխանողի թիրախում։ Բայց այդպիսին է պետական, շատ դեպքերում հանրային, քաղաքական գործիչի, պաշտոնատար անձի կարգավիճակից բխող հանրային հետաքրքրության շրջանակը։

Եվ նման հաշվետվությամբ հանրային վստահությունը ոչ թե սասանվեց, այլ, ընդհակառակը, ավելի մեծացավ։

Իսկ հանրային վստահությունը իշխանության լեգիտիմության ամենամեծ ռեսուրսն է, որը մշտապես պետք է փայփայել, խնամքով մոտենալ և չմսխել, որպես երաշխիք պարտավորությունների կատարման, մեզ համար կենսական նշանակություն ունեցող համակարգային փոփոխությունների արդյունավետ իրականացման համար։

Բայց այս պատկերում, երբ որևէ կերպ փորձում են մյուս պաշտոնատար անձինք պատսպարվել օրենքի ինչ ֊ինչ դրույթներով, ինչպես թզենու տերև, այն էլ որպես անձնական գաղտնիք անհեթեթ հիմնավորումներով, և ոչ թե անձնական, ինչպես վերը նշված օրինակներում, այլ հանրային ռեսուրսների բախշման մասին տեղեկատվությունը չտրամադրել կամ թաքցնել, ապա ակամա հարց է առաջանում, մա՞րդ է վատացել։

Այս հարցում որևէ համեմատություն չի կարող լինել նախորդ կոռումպացված, անպատժելի ռեժիմի հետ, որի պրոպագանդիստները օրգազմի հասնելով վայելում են իրենց ոճին արտաքուստ նմանվող պահվածքի օրինակից։

Բայց նման, գաղտնապահ մոտեցմամբ նույնականանալ նրանց, առնվազն անմտություն և անպատասխանատվություն է հենց վստահող հանրության նկատմամբ։

Պետք է կառույց առ կառույց հրապարակեք, պետք է պատրաստ լինեք ենթադրյալ թուք ու մուրն էլ կրելու Ձեր վստահողների կողմից, եթե պետք է նաև ներողություն խնդրեք, եթե սխալվել եք, և ոչ միայն գովաբանությունը և աջակցող խոսքերը լսել։

Այդպիսին է իշխանության ճակատագիրը։

Այսինքն, ժողովրդի լիակատար վստահությունն ունեցող իշխանությունն էլ պետք է նմանապես վստահի իր ընտրողներին։

Պետք է մարզպետարան առ մարզպետարան, նախարարություն առ նախարարություն, պետական մարմին առ մարմին հրապարակել պարգևատրումների մասին որոշումները։

Այլ տարբերակ չունեք, դրանով նաև կապահովվի և օբյեկտիվ տեղեկությունը, և կկանխվի ապատեղեկատվական մանիպուլիացիաները։

Հասարակությունն իրավունք ունի իրազեկվել»։

4940 | 4
Facebook