Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնին բացահայտել է քաղաքական թոք շոուների հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի ունեցվածքը, ով ևս մեկ վիլլա է ձեռք բերել Իտալիայում:
Նավալնիի տեղեկություններով՝ վիլլան գտնվում է Իտալիայի Կոմո լճի տարածքում՝ առաջին վիլլայից ընդամենը 11 կմ հեռավորության վրա: Վիլլայի տարածքը գրեթե 300 քառակուսի մետր է: Արժեքը, Նավալնիի խոսքով, 1 միլիոն 21 հազար եվրո է:
Նավալնին նաև հայտնել է, որ 2018թ. փետրվարին Սոլովյովը Maybach է գնել 15 միլիոն ռուբլիով:
Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավարը Սոլովյովին գող և ստախոս է անվանում:
Սոլովյովը՝ մեկնաբանելով Նավալնիի հետաքննությունը, հայտարարել է, որ ինքը «պետական գործիչ չէ և որևէ օրենք չի խախտել»: «Եթե ցանկանամ ևս մեկը գնել, ապա կգնեմ: Հարկեր վճարում եմ, միջոցները թույլ են տալիս: Շատ եմ վաստակում, բավականություն եմ ստանում նրանից, որ իմ ծրագրերը մեծ գումարներ են բերում «Ռոսիա» հեռուստաալիքին»,- ասել է հաղորդավարը: