Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչո՞ւ են աղմկում նախկին իշխանավորները». Լիլիթ Դամիրյան

15:10, երեքշաբթի, 22 հունվարի, 2019 թ.
«Ինչո՞ւ են աղմկում նախկին իշխանավորները». Լիլիթ Դամիրյան

25 տարի բռնությամբ երկիրը ղեկավարած նախկին իշխանավորներն այսօր փորձում են իրենց հանդեպ ժողովրդի ունեցած ատելությունը «սահուն փոխանցել» նորընտիր իշխանություններին։

25 տարի շարունակ ժողովրդի մեջ սեփական գործելակերպի հանդեպ օբյեկտիվորեն ձևավորած անվստահության մթնոլորտը «սովորույթի ուժով» փորձում են փաթաթել նոր իշխանությունների վզին։ Ի՞նչ ասել է։ Դիցուկ՝ ԱԺ պատգամավորների երիտասարդ լինելու հարցը։ Նկատեցի՞նք, որ երիտասարդ պատգամավորների հասցեին քննադատությունները տևեցին մինչև առաջին նիստի գումարումը։ Հեռուստաեթերի ուժով կամ համացանցով հայ ընտանիք մտած նույն այդ երիտասարդ պատգամավորները 1-2 օրվա ընթացքում առնվա՛զն աշխատել ցանկացող, առնվա՛զն կիրթ և առնվա՛զն չկոռումպացված մարդկանց տպավորություն թողեցին։ Հայ ընտանիքի որևէ բարեխիղճ մայր կամ տատիկ այս երիտասարդներին այլևս վատ չի վերաբերվի։ Անշուշտ, այս երիտասարդներից ոմանք մի քիչ շատ խոսեցին։ Բայց չէ՞ որ նրանք էլ իրավունք ունեին իրենց գիտելիքներն ու բարի կամքը ցույց տալու նպատակով դրսևորվել, ներկայանալ։ Ուրեմն քանի՞ օրվա կյանք ունեցավ ԱԺ նոր կազմի շուրջ ստեղծված արհեստական բողոքի ալիքը և ինչ շահեց դրանից կազմակերպիչ կողմը։ Ամբողջ գործունեության ընթացքում «քամի ցանել, փոթորիկ հնձել» սկզբունքով աշխատած, գլխատված, բայց սխալը չընդունած սույն ուժերը այդպես էլ չհասկացան, որ նույնիսկ ամենագեղեցիկ փուչիկը մի օր պայթում է, փուչիկի ներսի օդը՝ միանալով դրսի օդին, առողջանում է, իսկ ռեզինի կտորները այնպես են աներևութանում անորակ ասֆալտի ծալքերում, որ նույնիսկ որպես աղբ չեն ընկալվում։

ԱԺ պատգամավորների շուրջ ստեղծած աղմուկը հազիվ ավարտած` հայտնի թիմն անցավ Կառավարությանը, ի մասնավորի՝ պետական աշխատողների պարգևատրումների հարցին։ Պարզվեց, որ թավշյա հեղափոխություն իրականացրած և իրենց ամբողջ կյանքում կոռումպացված նախկին իշխանավորների դեմ պայքարած երիտասարդ ուժերը անցած 8-9 ամիսների աշխատանքով արժանի չէին ամանորյա պարգևատրման։ Պարզվեց նաև, որ նախկինների կողմից պարգևատրման մասով սահմանված ընթացակարգերն ու կանոնները պիտի փոխվեին հաշված օրերի ընթացքում, ու մենք էլ պետական ապարատում բարեփոխումները դեռ իրականություն չդարձրած՝ պիտի խուսափեինք որոշ թյուրըմբռնումից։

Ահա թե ինչպես են մրջյունին առյուծ ներկայացնում, սիրելի՛ հայրենակիցներ։ Չէ՞ որ նախ պետք է ջուրը պղտորել, որ հետո հնարավոր լինի այնտեղից ձուկ որսալ։

Չգիտեմ ամբողջությամբ ենք գիտակցում այս պահը, թե մասնակի, բայց հարկ է արձանագրել, որ, այո՛, այսօր ջուրը պղտորված չէ, քանի որ ժողովրդավարական ընտրություններից հետո մեր երկրում ստեղծվել է իշխանություն-ժողովուրդ վստահության մթնոլորտ։ Այս մթնոլորտում անշուշտ երկիրը կկառուցվի ու տնտեսական հեղափոխությունն էլ իրականություն կդառնա։ Սակայն, «ինչ ցավ», որ այս մթնոլորտում նախկին իշխանավորների՝ հայտնի ճանապարհներով վերադարձը վերջնականապես կկասեցվի։

Ահա՛ թե ինչին են ծառայում ԶԼՄ-ներով արհեստականորեն ստեղծված նմանատիպ աղմուկները։

ԶԼՄ-ների լուրջ ռեսուրսների տիրապետող հայտնի ուժերն այսօր ժողովրդին ուզում են գցել տեղապտույտի մե՞ջ՝ ԱԺ-ից՝ Կառավարություն, Կառավարությունից՝ Քաղաքապետարան, հետո էլ՝ իշխանամերձ առանձին անհատների քննադատություն։

Ահա, թե ինչի համար է անհրաժեշտ ունենալ սեփական վերլուծական միտք, կարդացած կամ լսած լուրերը համադրելու և անհրաժեշտ եզրահանգումներ կատարելու կարողություն։ Նախկինում միայն հեռուստաընկերություններին էինք մեղադրում անաչառությունը կորցնելու հարցում։ Այսօր նրանց են միացել համացանցային լրատվամիջոցները, սոցցանցերի զանազան ու զարմանազան դեմքերով «խոսնակները»։

Երբ տանդ պատերը կառուցում ես ու մտնում ապրելու, չես կարող չէ՞ ոչինչ չանել։ Պիտի աշխատես, որ տունդ վայելես, շենացնես։ Նույնն էլ պետությունն է․ ժողովրդավարութունը մենք մեր ուժերով հաստատեցինք։ Բայց դրա պտուղները քաղելու համար պիտի շարունակենք աշխատել։ Անշուշտ, կողքից կգտնվեն չարակամներ, ամենակարևորը՝ տունդ սիրալիր ժպիտով հյուրընկալվողներ, որոնք առաջին իսկ հարմար առիթով թաքուն կջարդեն պատուհաններիդ ապակիները։ Պիտի նաև հմտանանք ու տարբերենք թշնամուն՝ բարեկամից։

Պետությունն էլ մեր տունն է, գործում է նույն մեխանիզմով։ Ուղղակի մենք պետք է նույնչափ հոգատար դառնանք այդ մեծ տան՝ մեր պետության հանդեպ։

Լիլիթ Դամիրյան

6183 | 6
Facebook