Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կարևոր էր, որ այս խնդիրը բարձրացվեց». Գայանե Աբրահամյան

18:15, երեքշաբթի, 22 հունվարի, 2019 թ.
«Կարևոր էր, որ այս խնդիրը բարձրացվեց». Գայանե Աբրահամյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համատարած պարգևատրումների և 13-րդ աշխատավարձի մասին խոսել եմ դեռևս մեկ ամիս առաջ, հարցազրույցներից մեկի ընթացքում, երբ մտքովս էլ չէր անցնում, որ այս արատավոր պրակտիկան նույնությամբ կրկնվելու է։ Սա արատավոր պրակտիկա է ոչ թե այն պատճառով, որ համատարած կիրառվում էր նախկինում, այլ ընդհանրապես կառավարման համակարգի չգործելու դրսևորումներից մեկն է, որը բացառել է առողջ մրցակցության, աշխատանքի գնահատման հիման վրա պարգևատրման մեխանիզմների և աշխատանքային մոտիվացիայի ստեղծման հնարավորությունները: Պարգևատրման ճիշտ և աշխատանքի արդյունավետության գնահատման վրա հիմնված մեխանիզմ ստեղծելու, նաև այն կիրառելու համար իհարկե ժամանակ է պետք:

Կարո՞ղ էին արդյոք մարզպետերն ու Երևանի քաղաքապետն այս անգամ խուսափել համատարած ու չարդարացված պարգևատրումներից, թերևս ՈՉ, քանի որ տարիներով այդ համակարգում և հենց այս սկզբունքով աշխատողներն սպասում էին այդ 13րդ աշխատավարձին, որը միշտ ստացել են և չստանալը որևէ կերպ արդարացված չէր լինի, քանի դեռ ներդրված չեն աշխատանքի գնահատման մեխանիզմները, մյուս բոլոր որոշումները կդիտարկվեին ու կորակվեին սուբյեկտիվ և անարդար:

Պե՞տք է արդյոք խուսափեին նոր աշխատողներին և իրենք իրենց պարգևատրելու գայթակղությունից, չնայած որ շատ լավ գիտեմ շատերն իրապես աշխատում և աշխատել են օր ու գիշեր, բայց` ԱʹՅՈ, պետք է խուսափեին, իրավական առումով խնդիրներ չկան, միայն մեկն է օրենքի տիրույթից դուրս եկել, բայց առավել կարևորը բարոյական կողմն է և այս բարոյական պատասխանատվության ու հաշվետվողականության մասին է, որ երբեք չպետք է մոռանալ, ու այսօրվա պահանջատեր հասարակությունը թույլ չի տա այդ կողմն անտեսել: Կարևոր էր, որ այս խնդիրը բարձրացվեց, որը մեկ անգամ ևս ցույց տվեց, թե որքան անկատար է մեր պետական կառավարման ողջ համակարգը ու թե որքան աշխատանք կա անելու»:

5493 | 2
Facebook