Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավելի քան 550 մլն դրամի հափշտակության քրեական գործի անջատված մասով նախաքննությունն ավարտվել է

18:10, երկուշաբթի, 21 հունվարի, 2019 թ.
Ավելի քան 550 մլն դրամի հափշտակության քրեական գործի անջատված մասով նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցների և «Հայփոստ» ՓԲ ընկերության թվով 6 փոստային բաժանմունքների ծառայողների կողմից նախնական համաձայնությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու փաստի կապակցությամբ հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը:

Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ մարզի սոցիալական աջակցության ոլորտում բացահայտված դեպքերի կապակցությամբ Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրան զուգահեռ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համակարգված միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել ամբողջական պատկերացում կազմել սոցիալական աջակցության ոլորտում տարիներ շարունակ գործող, իր ծավալով աննախադեպ կոռուպցիոն մեխանիզմի մասին, բացահայտել դրանում ներգրավված իրավասու անձանց ամբողջական շրջանակը, կոռուպցիոն սխեմայում նրանցից յուրաքանչյուրի դերակատարությունը:

Մասնավորապես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության գլխավոր մասնագետ Հ.Ս.-ն, նույն գործակալության առաջին կարգի մասնագետներ Ա. Գ/-ն, Խ. Ռ.-ն, Գ.Ա.-ն, մասնագետ Ա.Ք.-ն, նախնական համաձայնության գալով նույն գործակալության պետ Ա.Ղ.-ի և «Հայփոստ» ՓԲ ընկերության տվյալ տարածքն սպասարկող փոստային բաժանմունքների ծառայողների հետ, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պետության կողմից անապահով ընտանիքներին որպես նպաստ հատկացվող դրամական օգնության գումարները հափշտակելու շահադիտական դրդումներով, 2013թ.-ից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, առանց մի շարք քաղաքացիների գիտության, Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում վերջիններիս սոցիալապես անապահովության վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնելով, նրանց անվամբ ապօրինի ձևակերպել են ընտանեկան նպաստներ: Դրանց գումարները նպաստառուների ցուցակներում հաշվառված նույն անձանց հանձնելու պատրվակով կազմել, հաստատել և շրջանառության մեջ են դրել բովանդակությամբ կեղծ ցուցակներ, ապա ըստ հերթականության՝ փոստատարների և օպերատորների միջոցով անձամբ ստացել և այդ կերպ խարդախության եղանակով հափշտակել են ցուցակներում ձևականորեն ընդգրկված հարյուրավոր անձանց անվամբ ելքագրված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 550.617.000 ՀՀ դրամ գումարը։

Նկարագրված արարքը կատարելու համար նշված տարածքային գործակալության առաջին կարգի մասնագետներ Ա. Գ.-ին, Խ. Ռ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ գործակալության ավագ մասնագետներ Հ.Ս.-ն և Ա.Ք.-ն՝ համապատասխանաբար առաջինը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ, 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ երկրորդը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով ու 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Միաժամանակ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել գործակալության գլխավոր մասնագետների պաշտոնում վերջիններիս պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։

Նույն քրեական գործի շրջանակներում խմբի կազմում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակությանը օժանդակելու, ինչպես նաև նախնական համաձայնությամբ կեղծ փաստաթղթեր կազմելու համար որպես մեղադրյալ են ներգրավվել «Հայփոստ» ՓԲ ընկերության տարբեր փոստային բաժանմունքների թվով 21 ծառայողներ՝ այդ թվում 11 փոստատարներ, 9 ավագ օպերատորներ և լոգիստիկայի գծով 1 պատասխանատու: Նրանց նկատմամբ նույնպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Մինչդատական վարույթի ընթացքում գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք ՀՀ դատախազության դեպոզիտ հաշվին մուծելու միջոցով կամովին վերականգնվել են պետությանը պատճառված վնասից 107մլն ՀՀ դրամը՝ պատրաստակամություն հայտնելով մինչդատական վարույթի ընթացքում ամբողջությամբ վերականգնել պետությանը պատճառված վնասը։

Բացի այդ, քրեական գործի շրջանակներում Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Ա.Ղ.-ն և նույն գործակալության առաջին կարգի մասնագետ Գ.Ա.-ն ներգրավվել են որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Հաշվի առնելով, որ վերջիններիս գտնվելու վայրը հայտնի չի եղել՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Միաժամանակ հարկ է նշել, որ վարույթն իրականացնող քննիչը քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերն ապահովելու նպատակով որոշում է կայացրել գործով մեղադրյալների անվամբ հաշվառված թվով 6 տրանսպորտային միջոցների, թվով 35 անշարժ գույքի և 18 բանկային հաշվեհամարների վրա կալանք դնելու մասին։

ՀՀ Լոռու մարզի դատախազությունն ստացել է հիշատակված քրեական գործի անջատված մասով մեղադրական եզրակացությունը, որը հաստատվել է գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից: Հետախուզման մեջ գտնվող գործակալության պետի ու մասնագետի գտնվելու վայրը պարզելու նպատակով ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

3118 | 0
Facebook