Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հօգուտ Սամվել Մայրապետյանի որոշում է կայացրել․ այս մասին հաղորդագրություն է տարածել Մայրապետյանի փաստաբանական խումբը։
ՄԻԵԴ-ը 39-րդ Կանոնի համաձայն՝ որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել նրա առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների, այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ բժիշկ մասնագետների՝ Սամվել Մայրապետյանի բուժումը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել, մասնավորապես տրանսլյումինալ դրենավորման մեթոդի բացակայության պատճառով, ՄԻԵԴ որոշումից բխում է, որ Սամվել Մայրապետյանին պետք է թույլ տալ մեկնել Գերմանիա՝ այն հիվանդանոց, որտեղ նախկինում բուժվել է:
Դատարանը նաև Մայրապետյանի գործին առաջնահերթություն տալու որոշում է կայացրել՝ 41-րդ կանոնի համաձայն, հրահանգելով դիմումատուի փաստաբաններին մի քանի օրվա ընթացքում ուղարկել ամբողջական գանգատը՝ այդ թվում ֆաքսով:
ՄԻԵԴ-ը նաև զգուշացրել է ՀՀ կառավարությանը, որ որոշման չկատարումը հանգեցնում է ՀՀ-ի կողմից Մարդու իրավունքների կոնվենցիայի խախտման»։