Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել

12:40, հինգշաբթի, 17 հունվարի, 2019 թ.
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 16-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով հայտարարություն են տարածել:

Համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ համանախագահները նախ առանձին-առանձին հանդիպումներ են ունեցել երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ, ապա հաջորդել է համատեղ հանդիպումը: Հանդիպումներին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի թվով 4-րդ հանդիպումն էր:

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուան ամփոփել է բանակցությունների արդյունքները մասնակիցների հետ: Համանախագահներին ընդունել են Ելիսեյան պալատում:

Երկու երկրների նախարարներին իրենց երախտագիտությունն են հայտնել գործադրվող ջանքերի համար՝ ուղղված ինտենսիվ բանակցություններին նպաստող և արդյունքներ արձանագրելուն միտված մթնոլորտի պահպանմանը:

Նշվում է նաև, որ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ և համաձայնել բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության շուրջ:

Հանդիպման ընթացքում համանախագահները նախարարների հետ քննարկել են բանակցային գործընթացի այժմյան փուլի հիմնական սկզբունքները: Նախարարներն ու համանախագահները քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպում կազմակերպելու հարցը, որն ուժեղ ազդակ կհաղորդի բանակցությունների դինամիկային:

Համանախագահներն ընդգծել են հնարավոր փոխշահավետ նախաձեռնությունների կարևորությունը՝ ուղղված տարածաշրջանի տնտեսական ներուժի իրականացմանը:

Հայտարարության վերջում ասվում է, որ համանախագահները մտադիր են մոտ ժամանակներում հանդիպել երկու երկրների ղեկավարների հետ:

8486 | 0
Facebook