Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

1989թ. հունվարի 16-ին Մոնթեն ազատվեց ֆրանսիական բանտից

19:05, չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ.
1989թ. հունվարի 16-ին Մոնթեն ազատվեց ֆրանսիական բանտից

Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հայազգի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից Մոնթե Մելքոնյանը1989թ-ին Ֆրանսիայում ազատվեց բանտից:
     Մոնթեն1980 թվականից անդամագրվելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ կարճ ժամանակում դարձել էր նրա ղեկավարներից մեկը։ 1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի Վան ռազմագործողությունը: 1981 թվականի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օռլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով։ Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից։ Դատարանում Մոնթեն հայտարարեց՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն...»։ 1985 թվականին նա նորից կեղծ անձնագրով ժամանեց Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով։ Մոնթեն բանտից դուրս եկավ 1989 թվականի հունվարի 16-ին։

Հոդվածներով հանդես է եկել Փարիզի «Հայ Պայքար» և Լոնդոնի «Կայծեր» թերթերում, «Սարդարապատ» ամսագրում, նաև անգլերեն մի շարք գրքերում՝ հայոց ազգային հարցերի արդարացի պահանջի և իրավունքի մասին, որոնք լույս են տեսել Լոնդոնում։

1989 թվականին ֆրանսիական բանտից ազատվելուց հետո 1991 թվականին գալիս է Հայաստանի Հանրապետություն, որտեղ արդեն սկսվել էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։ Հիմնում է «Հայրենասերների» ջոկատը։ Երևանում յոթ ամիս աշխատում է Գիտությունների ակադեմիայում՝ գրելով և հրատարակելով «Հայաստանը և հարևանները» գիրքը։ Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախի Հանրապետություն, որտեղ նրան անվանակոչում են Ավո մականունով։ Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ 1992 թվականին ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Այստեղ կարճ ժամանակում նա իր անկեղծությամբ ու մաքրությամբ շահեց ոչ միայն տեղի բնակչության, այլև ընդհանրապես, համայն հայության սերն ու հարգանքը։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը:

Շրջանառվում են Մոնթե Մելքոնյանի մահվան մի շարք տարբերակներ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական տեղեկատվական դաշտում։

ՀՀ պաշտոնական տեղեկատվության համաձայն Մոնթեն սպանվել է 1993 թվականի հունիսի 12-ին ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից, երբ հետախուզության նպատակով մարտընկերների հետ այցելել է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ։

4201 | 0
Facebook