Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բյուլբյուլօղլին ԼՂ հակամարտության արագ կարգավորման գործում Ռուսաստանի հետ մեծ հույսեր է կապում

14:10, չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ.
Բյուլբյուլօղլին ԼՂ հակամարտության արագ կարգավորման գործում Ռուսաստանի հետ մեծ հույսեր է կապում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին մեծ հույսեր է կապում Ռուսաստանի հետ: Բյուլբյուլօղլին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում մեկնաբանել է ռուսական կողմի պահանջը՝ կապված Ադրբեջան ՌԴ հայազգի քաղաքացիների մուտքի արգելքի հետ:

Ավելի վաղ խնդրին անդրադարձել էր ռուս փորձագետ Վլադիմիր Եվսեևը:

Ադրբեջանական լրատվամիջոցը ռուսական կողմի մեկնաբանությունը «կոպիտ միջամտություն» է անվանում՝ Բյուլբյուլօղլիից հետաքրքրվելով, թե արդյոք Ռուսաստանն իսկապես բարձրացրել է այդ հարցը՝ նախքան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը:

«Այո, իսկապես Ռուսաստանն այս հարցը բազմիցս է բարձրացրել տարբեր մակարդակներով: Ադրբեջանի դիրքորոշումը պարզ է. այն կապված է Հայաստանի կողմից շարունակվող «օկուպացիայի» հետ: Եվ առաջին հերթին արգելքը բխում է քաղաքացիների անվտանգության ապահովման նկատառումներից»,- ասել է Բյուլբյուլօղլին:

Նրա խոսքով՝ գոյություն ունի միջազգային պրակտիկա, երբ երկրները ինչ-ինչ անձանց մերժում են իրենց պետություն այցելությունը՝ նույնիսկ նման մերժումը չպատճառաբանելով:

Այն հարցին, թե որն է ստեղծված իրավիճակի լուծումը, Ադրբեջանի դեսպանն ասել է.

«Ռուս գործընկերներս հաճախ տալիս են ինձ այդ հարցը: Եվ ես միշտ պատասխանում եմ, որ անհրաժեշտ է արդարացի հիմքով արագ կարգավորել հակամարտությունը: Ռուսաստանը պետք է առավելագույն ջանքերը գործադրի հակամարտության կարգավորման և «օկուպացիոն քաղաքականությանը» վերջ դնելու համար»:

4799 | 0
Facebook